2026 թվականի ապրիլի 16-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ բովանդակալից դասախոսություն՝ նվիրված բարձրագույն կրթության համակարգում մանկավարժական նորարարական մեթոդների և տեխնիկաների կիրառությանը, բուհերի զարգացման արդի միտումներին, որը վարեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսան։ Դասախոսության ընթացքում պրոֆեսորը անդրադարձավ բարձրագույն կրթության համակարգում անհրաժեշտ փոփոխություններին՝ կարևորելով ուսանողների կրթական կարիքների և ակնկալիքների հաշվառումը, ակտիվ ուսուցման նշանակությունը, սովորողների գնահատման ձևերի բազմազանեցման անհրաժեշտությունը, գործնական հմտությունների նկատմամբ աճող պահանջը։ Պրոֆեսորը շեշտեց, որ միայն ավանդական դասախոսություններն այլևս բավարար չեն՝ ընդգծելով փոխներգործուն մեթոդների կիրառման, աշխատանքահեն ուսուցման, թվային գործիքների և ուսուցման ինտեգրման անհրաժեշտությունը։
Ներկայացվեց նաև ուսանողակենտրոն կրթության մոդելը, որը հիմնված է տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ճկուն ուսումնական ծրագրերի և շարունակական հետադարձ կապի ապահովման վրա։ Դասախոսությանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Գավառի ավագ դպրոցի ուսուցիչներ, Գավառի արվեստի պետական քոլեջի դասախոսներ։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պարոն Սարագոսային և բոլոր ներկաներին՝ նշելով, որ իրական փոփոխությունները սկսվում են ջանադիր աշխատանքից, ամուր կամքից, արդյունավետ համագործակցությունից և կրթության որակի բարձրացման նկատմամբ ընդհանուր հանձնառությունից։
Ապրիլի 17-ին և 18-ին ևս պրոֆեսորը ԳՊՀ-ում կանցկացնի բաց դասախոսություններ։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ