ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը դասախոսական աշխատանք կատարեց Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում։

Դասախոսություններն անցկացվեցին Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների համար՝ «Մշակույթների պատմություն» դասընթացի շրջանակում։ Դասախոսությանը ներկա էին ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եթովպիայից, Ճապոնիայից և Չինաստանից։

Դասախոսությունների թեման Հայաստանի, Անգլիայի և Իտալիայի բանահյուսության համեմատական վերլուծությունն էր, մասնավորապես, երեք երկրների մշակութային բազմազանությունը, դրանց միջև նմանությունը և տարբերությունը, ծննդյան, հարսանեկան և մահվան ծիսակարգերին առնչվող ավանդույթները։

Համեմամատական վերլուծության մեթոդով զուգահեռներ անցկացվեցին նաև հայկական «Սասնա Ծռեր», անգլիական «Բեովուլֆ» և իտալական «Աստվածային կատակերգություն» էպիկական ստեղծագործությունների միջև։

Ներկաները նաև ծանոթացան հայկական մշակության առանձնահատկություններին, լսեցին հայկական ժողովրդական երգեր, դիտեցին «Բերդ» ազգային պարը և համեմատություն անցկացրին հայաստանյան և իրենց երկրների մշակույթների, էպոսների և վաղ շրջանի գրական ստեղծագործությունների միջև։ Տիկին Թոռչյանն անդրադարձ կատարեց նաև կրոնական ծիսակարգերին, և ներկաներին ներկայացրեց Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկիր լինելու և քրիստոնեության՝ որպես սեր և հանդուրժողականության քարոզող կրոնի վերաբերյալ փաստեր։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան