ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Գավառի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողների հաջողության պատմությունները տարիներ շարունակ հյուսվել են բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի նյութական և բարոյական աջակցությամբ։ Նրա մարդասիրական գործունեությունն այսօր շարունակում են ընտանիքի անդամները՝ տիկին Անահիտ Նիշանյանը և որդին՝ Թագվոր Նիշանյանը։ Ս. թ. հոկտեմբերի 29-ին ԳՊՀ-ում հյուրընկալվեցին Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը և ծրագրերի համակարգող Մանե Խաչատրյանը։ Նրանց այցի նպատակն էր հանդիպել Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ։ Էդուարդ Կարապետյանը ներկայացրեց շահառու ուսանողների նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքները։ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրում ընդգրկված առաջին կուրսի ուսանողներին նա ծանոթացրեց բարերարի կենսագրությանը։ Պարոն Կարապետյանն ընդգծեց ինչպես ուսանողների ակադեմիական առաջադիմության բարձր ցուցանիշների, այնպես էլ տարբեր կամավորական ծրագրերում նրանց ներգրավվածության կարևորությունը։ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը ռեկտորատի անունից խորին երախտագիտություն հայտնեց Նիշանյանների ընտանիքին՝ ԳՊՀ ուսանողներին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին և մասնաճյուղի աշխատակազմին՝ երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ Տիկին Ղազարյանը շեշտեց, որ կրթաշնորհային ծրագիրը ոչ միայն ֆինանսական օժանդակություն է ուսանողների ընտանիքներին, այլև ոգևորում է կրթաշնորհառուներին՝ հետևողականորեն առաջ ընթանալ և բարձր ակադեմիական արդյունքներ արձանագրել։ ԳՊՀ ուսանողները նշեցին, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Ժիրայր Նիշանյանի անվան կրթաթոշակառու։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան