ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄՍԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին, Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուսոնդա Մումբային և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ռամսարի կոնվենցիայի դերը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների և ջրային թռչունների պահպանության գործում։ Կոնվենցիան ընդունվել է 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում և ուժի մեջ մտել 1975 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին։ Դոկտոր Մուսոնդա Մումբան հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ՝ անդրադառնալով Ռամսարի ցանկում ընդգրկված խոնավ տարածքներին, դրանց էական ազդեցությանը Երկիր մոլորակի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության և անվտանգության պահպանման գործում։ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ներկայացրեց Հայաստանի Ռամսարյան տարածքների՝ Սևանա լճի, Արփի լճի, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերի, «Խոր Վիրապի ճահիճ» պետական արգելոցի էկոլոգիական բնութագիրը և բնապահպանական նշանակությունը։ Բանախոսները պատասխանեցին ԳՊՀ դասախոսների և ուսանողների հարցերին։
ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Մուսանդա Մումբային շնորհվեց շնորհակալագիր՝ երկարամյա և արդյունավետ բնապահպանական գործունեության համար։
Գլխավոր քարտուղարի պատվիրակության կազմում էին Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ջենտերեջյանը և Շվեյցարիայի Գլանդ քաղաքում գործող կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները։ Մասնակցում էր նաև Վրաստանից ժամանած բնապահպան փորձագետ։
Հյուրերը ծանոթացան Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված քանդակների՝ «Նոր կյանք, նոր շունչ» խորագրով հավաքածուին, որի մի մասը ցուցադրված է COP 17-ի «կանաչ գոտում»։ Յուրօրինակ աշխատանքների հեղինակը՝ վարպետ Երեմ Կոստանյանը ստացավ շնորհակալագիր ԳՊՀ ռեկտորատի կողմից։ Հյուրերը եղան ԳՊՀ պատմագիտական թանգարանում և գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի մատյանում։

ՎԱՐՊԵՏ ԵՐԵՄ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՆՈՐ ՇՈՒՆՉ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ COP 17-Ի «ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ»

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հավատավոր զավակ, ստեղծագործ վարպետ Երեմ Մարտիկի Կոստանյանին՝ ԳՊՀ առաջարկն ընդունելու և իր «Նոր կյանք, նոր շունչ» փայտյա քանդակների հավաքածուն COP 17-ի «կանաչ գոտում» ցուցադրելու նպատակով տրամադրելու համար։ Հավաքածուն ներառում է Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված փայտյա քանդակազարդ աշխատանքներ՝ Սևանա լճից «վեր հառնած» գինու տակառ, «Վիշտը պարպող, հոգսը ի չիք դարձնող տարա», «Ծովային որոր», երկկողմանի կոմպոզիցիաներ՝ «Կարապ» և դարձերեսին՝ «Երեքգլխանի վիշապ», «Պայքար՝ հանուն կյանքի և լույսի», «Հոգու ճիչ» և այլ բացառիկ քանդակներ, որոնց մի մասը ներկայացված է Երևանի մարզահամերգային համալիրում՝ COP 17-ի «կանաչ գոտում», իսկ մյուս մասը՝ Գավառի պետական համալսարանում։ Բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ յուրօրինակ ստեղծագործություններին։

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ COP 17-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Գավառի պետական համալսարանի՝ որպես ՀՀ բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի անդամ բուհի ներկայացուցիչները՝ դասախոսները և ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին  (CBD COP 17)։ Նրանք ընդգրկված են COP 17-ի՝ բուհերի համար նախատեսված «կանաչ գոտու» աշխատանքներում։ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, դասախոս Դավիթ Թորոսյանը և այլ համալսարանականներ իրենց մասնակցությունն են ունենում տարբեր ձևաչափերով կազմակերպվող քննարկումներում, այցելուներին ԳՊՀ տրամադրած ցուցանմուշների և Գեղարքունիքի մարզին նվիրված տաղավարի ներկայացմանը։ Լիլիթ Թոռչյանը  հոկտեմբերի 21-ին «կանաչ գոտում» հանդես եկավ զեկուցմամբ՝ նվիրված կենսաբազմազանության պահպանման ծրագրերում երիտասարդների ներգրավմանը, բնապահպանական կրթությանը, շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկությունից մինչև հանրօգուտ գործողությունների ծավալմանը։

ԳՊՀ մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ Մետաքսյա Բարսեղյանը, Աիդա Կարապետյանը, Անժելա Ավետիսյանը, Օլյա Սարգսյանը, Լիլիթ Ղարիբյանը, Դիանա Սոսեյանը, Սեդա Աղեկյանը, Լիլյա Գափոյանը, Նելլի Գրիգորյանը, Սիլվի Սարգսյանը, Աստղիկ Շայրիկյանը, Նելլի Վարդանյանը և այլոք՝ որպես «կենսաբազմազանության դեսպաններ»մասնակցեցին COP 17-ի բազմաբնույթ ձեռնարկներին, համաժողովի շրջանակում կազմակերպված դասընթացին։ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետում կայացած սեմինարին քննարկման առարկա դարձան Գեղարքունիքի տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրները, էկոլոգիական հավասարակշռության ապահովման հարցերը։

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ https://uvamobplus2.uva.es/publico/apply
Ծրագրի հասանելի բաժիններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. նոյեմբերի 20-ն է։
Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ դասախոսներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության կրթական ծրագրերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով
հետևյալ կայքէջ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ https://uvamobplus2.uva.es/publico/apply
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. հոկտեմբերի 27-ն է։
Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ուսանողներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ COP 17-ԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ կարող եք մասնակցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը (CBD COP 17), որը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝
https://www.cop17yerevangreenzone.com/am/register-now/public-attendee
Համաժողովի հիմնական տեղեկատվական հարթակը, որտեղ կարող եք ծանոթանալ օրակարգին, «Կապույտ» և «Կանաչ» գոտիների վերաբերյալ մանրամասն տեղեկություններին, հասանելի է «COP 17 Yerevan» պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝
https://cop17yerevan.am/

Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժին

ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ» ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի «Էրազմուսյան օրերի» շրջանակում «Սովորել և զարգանալ․ հմտություններ վաղվա օրվա համար» խորագրի ներքո «Էրազմուս+» ազգային գրասենյակը կազմակերպում է երկու առցանց հանդիպում՝

«Alumni Voices․ Erasmus+-ից դեպի կարիերա»

Եվրոպական միության «Էրազմուս+» տարբեր ծրագրերի և տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր արդեն կայացած մասնագետներ են իրենց ոլորտներում, կկիսվեն իրենց փորձով՝ պատմելով, թե ինչ հմտություններ են ձեռք բերել և ինչպես է «Էրազմուս+» փորձառությունը ձևավորել իրենց մասնագիտական ուղին տարիներ անց։ Բանախոսների թվում են Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի, միջազգային կրեդիտային շարժունության (ICM) և պրակտիկայի (Traineeship) շահառուներ, ինչը հնարավորություն կտա տեսնել «Էրազմուս+»-ի ազդեցությունը մասնագիտական կայացման վրա տարբեր տեսանկյուններից։

📅 Հոկտեմբերի 16, 2026 (ուրբաթ) | 🕕 18:00 | 💻 Առցանց
📝 Գրանցում՝ https://forms.gle/D7TJKdcQs1GDrxcE7
⏳ Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 14, 23:59

«From Campus to Campus»
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության (ICM) վեց մասնակից ուսանողներ կներկայացնեն եվրոպական գործընկեր համալսարաններում ուսումնառության իրենց փորձառությունը, ձեռք բերված հմտություններն ու տպավորությունները, ինչպես նաև գործնական խորհուրդներ կտան դիմելու և մասնակցելու վերաբերյալ։ Նախատեսված է ուսանողների, ապագա դիմորդների, ակադեմիական և վարչական աշխատակիցների (հատկապես միջազգային կապերի բաժինների), ծնողների և բոլոր հետաքրքրվողների համար։
📅 Հոկտեմբերի 17, 2026 (շաբաթ) | 🕔 17:00 | 💻 Առցանց
📝 Գրանցում՝ https://forms.gle/1binKhKRzNcrgxUj6

Երկու հանդիպումներն էլ ներառում են հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել անմիջապես բանախոսներին։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու վերոնշյալ համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. նոյեմբերի 14-ն է։
Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ ուսանողներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանը ս․ թ․ հոկտեմբերի 7-ից 11-ը հյուրընկալեց գործընկեր բուհի՝ Պորտուգալիայի Էվորա համալսարանի հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային։ Հրավիրյալ պրոֆեսորը ԳՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի ներառական․ Պորտուգալիայի փորձը» խորագրով։

Պարոն Սարագոսան անցկացրեց նաև վերապատրաստման դասընթաց ԳՊՀ աշխատակազմի համար՝ նվիրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսի՝ տարբեր տարիքի աշխատակիցների կառավարման պրակտիկային, կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանությանը, խրախուսման և առաջընթացի կառուցակարգերի կիրառմանը։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև կարողությունների զարգացման ուղղությամբ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրային առաջարկի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ

2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի COP 17 համաժողովին ընդառաջ Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց ԳՊՀ մագիստրատուրայի ուսանողուհի, «Կենսաբազմազանության դեսպան» ծրագրի մասնակից Աիդա Կարապետյանը։

Սեմինարին մասնակցում էին համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Աիդա Կարապետյանն անդրադարձավ կենսաբազմազանության կարևորությանը, քննարկվեցին բուսական և կենդանական աշխարհի, էկոհամակարգերի պահպանության արդի խնդիրները, ներպետական և միջազգային կառուցակարգերը։

Մասնակիցները դիտեցին ֆիլմ կենսաբազմազանության, Հայաստանի բնության և արդի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, որին հաջորդեց խաղ-վիկտորինան։

Սեմինարն ամփոփեց ԳՊՀ բնագիտանտնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը, ով կարևորեց կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ ուսանողների իրազեկվածությունը և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան