ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ DESIRE» ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ DeSIRe․Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ճկուն հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» ծրագրի եզրափակիչ համաժողովը։

 Համաժողովին ներկա էին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ։ Եռամյա ծրագիրը համակարգել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը։ Մասնակից բուհերը ներկայացրին արձանագրված արդյունքները։​«DeSIRe» ծրագրի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ, մշակվել են կրթական մոդուլներ և թվային ուսուցման գործիքներ, կազմակերպվել են վերապատրաստումներ՝ուղղված բուհերի կարողությունների զարգացմանը և ուսանողների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն հմտությունների ձեռքբերմանը։

Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 12-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

2026 թվականի հոկտեմբերի 5–9-ը անցկացված գիտաժողովը միավորեց Հայաստանի ու արտերկրի ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին՝ գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու, մասնագիտական քննարկումներին մասնակցելու և գիտական համագործակցության նոր կապեր հաստատելու նպատակով։ Գիտաժողովին մասնակցելու համար ստացվել էր 296 հայտ, որոնցից 54-ը՝ արտերկրից։

Գիտաժողովին Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները ներկայացրին զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով․

1. Գոհար Ավետիսյան՝ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ներկառուցված համակարգերի նախագծման արդյունավետության գնահատում»,

2. Սոֆյա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կորստից խուսափման ազդեցությունը տնտեսական որոշումների կայացման վրա. ներդրողների վարքագծի վերլուծություն»,

3. Սիլվինե Մոմչյան՝ «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակը և դրա զարգացման ուղիները»,

4. Մանվել Գրիգորյան՝ «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Մասնակցային բյուջետավորումը որպես համայնքային կառավարման մասնակցային մեխանիզմ»։

ԳՊՀ ուսանողների համար միջազգային երիտասարդական գիտաժողովին մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու հետազոտական աշխատանքի հմտությունները, մասնագիտական կարողությունները։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է գիտաժողովին մասնակից ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԲԱԴՈՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերյոժա Վաչագանի Բադոյանը։
Սերյոժա Բադոյանը 1993-2006 թվականներին աշխատել է Գավառի պետական համալսարանում՝ որպես վարչատնտեսական գծով պրոռեկտոր, դասախոսել է բնագիտական ֆակուլտետում և իր ավանդը ներդրել համալսարանի կայացման, բնագիտական ֆակուլտետի զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։
Համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների անունից ցավակցում ենք Բադոյանների ընտանիքին։

ԳՊՀ ռեկտորատ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ»

Սիրով հրավիրում ենք Գավառի պետական համալսարանի ուսանողներին և դասախոսներին, Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին, ինչպես նաև եվրոպական բուհերում ուսումնառությամբ և կրթության կազմակերպմամբ հետաքրքրված անձանց՝ մասնակցելու գործընկեր եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների և դասավանդած դասախոսների հաշվետվությունների ներկայացմանն ու առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա 2026 թվականի «Էրազմուսյան օրերի» շրջանակներում՝ ս․ թ․ հոկտեմբերի 9-ին, 14, 16-ին և 17-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։ Միաժամանակ, նշված օրերին ԳՊՀ-ում կարող եք մասնակցել Պորտուգալիայի Էվորա համալսարանի հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսայի բաց դասախոսություններին՝ «Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի ներառական․ Պորտուգալիայի փորձը» և «Աշխատուժի հոսունության խնդիրը և կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկան» թեմաներով։ ԳՊՀ ռեկտորատի անդամների և հրավիրյալ դասախոսի մասնակցությամբ կազմակերպվելու են նաև վերջնարդյունքահեն կրթության հիմնահարցերին նվիրված սեմինար-քննարկումներ։ Սպասում ենք բոլոր հետաքրքրված անձանց։

 

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

 

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

 

Ս․ թ․ հոկտեմբերի 3-ին կայացավ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հիմնական դրույթները։ Առանձին անդրադարձ կատարվեց դոկտրինի 36-րդ կետին՝ Կրթությունը որպես «ռազմավարությունների ռազմավարություն» հայեցակարգային դրույթին։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ համալսարանի իրականացրած և շարունակական բնույթ կրող ծրագրերը համապատասխանում են դոկտրինում նախատեսված կրթական, տեխնոլոգիական, մարդկային կապիտալի զարգացման, տնտեսության «կանաչ» փոխակերպման,  նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններին։

Օրակարգի համաձայն քննարկվեց «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին կարգ»-ի նախագիծը, որը ներկայացրեց համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր ՆելլիԿուտուզյանը։ Այնուհետև տիկին Կուտուզյանը զեկուցեց «Գավառի պետական համալսարանում վերջնարդյունքահեն կրթության կազմակերպման, մասնագիտական կրթական ծրագրերի և դասընթացների մշակման ուղեցույց»-ի կիրառման գործընթացի մասին։ Քննարկվեցին կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը միտված ուսուցման և ուսումնառության  մշտադիտարկման և որակի շարունակական բարելավման վերաբերյալ հարցեր։

 

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միջազգայնացմանը, եվրոպական բարձրագույն կրթական և գիտական տարածքին ինտեգրմանն ու «Էրազմուս+»  ծրագրի իրականացման հարցերին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվեցին միջազգային համագործակցության ընդլայնման, բուհերի արտաքին կապերի ամրապնդման և եվրոպական բարձրագույն կրթագիտական տարածքին ինտեգրման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորություններին, այդ թվում՝ «CBHE․ Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության միջոցով բարձրագույն կրթության ոլորտի կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։

Քննարկվեց նաև ներառականության կարևորությունը՝ միջազգային կրթական հնարավորությունների հասանելիությունն ընդլայնելու և ուսանողների, ինչպես նաև բուհական համայնքի այլ ներկայացուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով։

Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԾՐԱԳՐԵՐ

 

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ալմերիայի համալսարանն առաջարկում է ակադեմիական շարժունության բազմաթիվ ծրագրեր։ ԳՊՀ ուսանողների համար նախատեսված են․

1․ կիսամյակային ակադեմիական շարժունություն, որի շրջանակում ուսանողը հնարավորություն կունենա 5-ամսյա ժամկետում սովորել Ալմերիայի համալսարանում։ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․ թ․նոյեմբերի 13-ն է,

2․ ամառային դպրոց, որը կկազմակերպվի 2027 թվականի հուլիսի 5-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջգիտակարգային դասընթացների՝ ուղղված սովորողների ճկուն հմտությունների զարգացմանը,

3․ համակցված ինտենսիվ ծրագրեր /Blended Intensive Programs/, որոնք ԵՄ «Էրազմուս+» ծրագրի կողմից ֆինանսավորվող 5-օրյա դասընթացներ են այն ուսանողների համար, ովքեր չեն կարող մասնակցել երկարատև /կիսամյակային/ ծրագրին։ Ալմերիայի համալսարանում այս ծրագրերը կազմակերպվելու են 2027 թվականի գարնանը։

ԳՊՀ դասախոսներին առաջարկվում են ակադեմիական շարժունության հետևյալ հնարավորությունները․

1․ ամառային դպրոց, որը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 5-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ԳՊՀ դասախոսներին հնարավորություն ընձեռելով դասավանդելու միջգիտակարգային դասընթացներ,

2․ միջազգային շաբաթ, որը կանցկացվի 2027 թվականի ապրիլին,

3․ դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99, +374-91—86—77—16 հեռախոսահամարներով։

Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ ուսանողներին և աշխատակիցներին։

Մաղթում ենք հաջողություն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կայացավ աշխատաժողով` «Թվայնացման մարտահրավերներից դեպի գործողություններ․ եվրոպական փորձ, ինստիտուցիոնալ լուծումներ և ճանապարհային քարտեզ» թեմայով։

Ներկայացվեցին Երևանի պետական համալսարանում գործող թվային համակարգերն ու ծառայությունները, արձանագրված ձեռքբերումները, առկա խնդիրներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները։

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի օրինակով ներկայացվեցին բարձրագույն կրթության թվային փոխակերպման եվրոպական փորձն ու մոտեցումները՝ անդրադառնալով բուհական տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ու փոխգործակցությանը, տվյալների կառավարմանը, ընդհանուր թվային ծառայություններին, արհեստական բանականության գործիքների աջակցությամբ կառավարման գործընթացներին։ Մասնակիցները քննարկեցին ՀՀ բուհերում գործող համակարգերը, տվյալների հոսքի կառավարման և վարչական գործընթացների հետ կապված հարցերը՝ անդրադառնալով տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սովորողի ուսումնառության գործընթացի կառավարմանը, հաշվետվողականությանը և մի շարք այլ փոխկապակցված հարցերի։

Միջոցառման եզրափակիչ մասում մասնակիցները նախանշեցին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թվային փոխակերպման հիմնական առաջնահերթությունները՝ կարևորելով ճանապարհային քարտեզի մշակումը։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Կարեն Սիրականյանը։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ DAAD-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

Ս․ թ․ սեպտեմբերի 24-ին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ուսանողներին ներկայացրեց Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերն ու Գերմանիայում ուսումնառության հնարավորությունները։ Սովորողներն իրազեկվեցին մագիստրոսական կրթաթոշակային ծրագրի մասին, որը տարբեր մասնագիտությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում շարունակելու ուսումնառությունը Գերմանիայի պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերում։ Ներկայացվեց ERP կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար՝ Գերմանիայում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու նպատակով։ Ուսանողները տեղեկացան գերմանական բուհերում ամառային դպրոցներին մասնակցության հնարավորությունների մասին, որոնք նախատեսված են տարբեր մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար և ներառում են գերմաներենի ու տարածաշրջանային ուսումնասիրությունների դասընթացներ։ Ներկայացվեցին նաև DAAD-ի կողմից տրամադրվող կրթաթոշակային աջակցության հիմնական ձևերը՝ ամսական կրթաթոշակ, ճանապարհածախսի և ապահովագրության աջակցություն, որոշ դեպքերում՝ գերմաներենի նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում։ Անդրադարձ կատարվեց գերմանախոս երկրներում կրթություն ստացած հայ շրջանավարտների համագործակցության և կապերի զարգացման նախաձեռնությանը (AADL․ Armenian Alumni of German-Speaking Countries)։ Ուսանողների գնահատմամբ՝ կայացած տեղեկատվական հանդիպումը բովանդակալից էր և օգտակար։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Գավառի պետական համալսարանում կայացավ սեմինար՝ «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով։ Սեմինարը վարեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։ Կարևորվեցին քաղաքացիների պատասխանատու վարքագիծը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեվարքության մշակույթի տարածումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի արմատավորումը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին կոռուպցիայի հասկացությունն ու էությունը, պատճառները, դրսևորման ձևերը, հասարակության ու պետության վրա ունեցած բացասական ազդեցությունը, կանխման ընդհանուր և հատուկ միջոցները։ Սեմինարին մասնակցեցին ԳՊՀ տարբեր բաժինների ուսանողներ, ինչպես նաև համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան