ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵՎՈՐ, ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց հայրենաճանաչողական էքսկուրսիա, որի նպատակն էր ուսանողների առավել սերտ հաղորդակցությունը հայ ժողովրդի հոգևոր, պատմամշակութային ժառանգությանը։
Էքսկուրսիային մասնակցեցին ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն և ակտիվություն ցուցաբերած ուսանողները՝ ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանի, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանի և արտաքին կապերի ու լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ։ Համալսարանականների առաջին կանգառը Խոր Վիրապի վանական համալիրն էր, որտեղ ուսանողներին ներկայացվեցին Գրիգոր Լուսավորչի գործունեությունը և քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հետ կապված պատմական իրադարձությունները։
Այնուհետև ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին Մայր Տաճարի տարածքում, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանում, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա հոգևոր-մշակութային արժեքներին, եկեղեցական մասունքներին, ձեռագրերին և պատմական նշանակություն ունեցող այլ ցուցանմուշների։
Այցի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիրն էր։ Ուսանողներն այցելեցին Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան, որտեղ գործող «Մայիսյան հերոսամարտեր» մշտական ցուցադրության սրահում ծանոթացան 1918 թվականի հերոսամարտերի պատմությանը, հայ ժողովրդի ինքնապաշտպանական պայքարին և պետականության վերականգնման ուղուն նվիրված հարուստ ցուցադրությանը։
Օրը հագեցած էր անմոռանալի տպավորություններով։ Նման նախաձեռնությունները նպաստում են ազգային արժեքների արմատավորմանը, երիտասարդների հայրենասիրական կրթությանն ու դաստիարակությանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան