Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Ասլանյանը մասնակցել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած 15-րդ հանրապետական գիտական նստաշրջանին և ճանաչվել է «Լավագույն զեկուցմամբ հանդես եկած ուսանող»։
Աննա Ասլանյանը գիտաժողովին ներկայացրել է «Անմահության խնդիրը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում» խորագրով հետազոտական աշխատանքը, որն իրականացվել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի գիտական ղեկավարությամբ:
Ուսանողուհու զեկուցումը նվիրված էր «Մհերի դռան գիրքը» վեպում անմահության գաղափարի բազմաշերտ ըմբռնմանը՝ լուսաբանելով, որ Լևոն Խեչոյանը անմահությունն անքակտելիորեն կապում է հոգևոր արժեքների և պատմական հիշողության պահպանման հետ, իսկ Փոքր Մհերի կերպարի միջոցով վիպասանը մարմնավորում է բարոյական կատարելագործման և անձնական ճշմարտության որոնման խորիմաստ գաղափարը:
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը և ուսանողական գիտական ընկերությունը ջերմորեն շնորհավորում են Աննա Ասլանյանին՝ համալսարանը լավագույնս ներկայացնելու և հետազոտական ոլորտում արձանագրած հաջողության համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ: