ԼՐԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Այսօր լրացավ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 31-րդ տարեդարձը։ Արդեն 31 տարի Գեղարքունյաց աշխարհում տրոփում է համալսարանական կյանքի զարկերակը։ Բուհը պատվով իրականացնում է տարածաշրջանի կրթական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային կենտրոնի իր հանձնառությունը։
ԳՊՀ-ն գործում է ակադեմիական ազնվության, սոցիալական արդարության, մարդասիրության և սերնդասիրության սկզբունքներով։
Համալսարանն ունի ութ հազարից ավելի շրջանավարտներ, որոնք հաջողությամբ աշխատում են հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ Համալսարանի շրջանավարտների թվում կան գիտության թեկնածուներ, որոնք դասախոսում են ԳՊՀ-ում և այլ բուհերում։ Համալսարանն ակտիվորեն անդամակցում է Եվրոպական միության ծրագրերին, ապահովում ուսանողների և դասախոսների միջազգային ակադեմիական շարժունություն։
ԳՊՀ ուսանողները տարիներ շարունակ հաղթող են ճանաչվում ‹‹Լավագույն ուսանող›› հանրապետական մրցույթում, մասնակցում միջազգային և հանրապետական բազմաթիվ ծրագրերի, գիտաժողովների, մրցույթների, այլ ձեռնարկների։
Ազգային և միջազգային փորձագետների այցելությունների, ուսումնասիրությունների և զեկույցների հիման վրա համալսարանը բարեհաջող ինստիտուցիոնալ հավատարմագրում անցավ 2017 թվականին, ապա վերահավատարմագրվեց 2022 թվականին՝ դրանով իսկ հավաստելով բուհի համապատասխանությունը որակի ապահովման եվրոպական չափանիշներին։
Գավառի պետական համալսարանը այն լուսավոր կրթօջախն է, որը յուրօրինակ ‹‹սոցիալական վերելակ›› է ծառայում ուսանողների համար՝ փոխանցելով ընդհանուր աշխարհայացքային և մասնագիտական գիտելիքներ, օգտակար սոցիալական փորձ, բարոյական բարձր արժեքներ։ Համալսարանի ծննդյան տարեդարձին ընդառաջ կայացավ բուհի 27-րդ միջազգային գիտաժողովը, ընթացքի մեջ են բազմաթիվ ծրագրեր։
Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ համալսարան։
Հրապարակվել է 05.05.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան