Flat Preloader Icon

ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ, ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի, համահիմնադիր Հրանուշ Հակոբյանի, ռեկտորատի, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմի անունից խորապես ցավակցում ենք Սիմոնյանների ընտանիքին, բոլոր մերձավորներին՝ բազմավաստակ գիտնական ու մանկավարժ, Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի հիմնադիր վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Արմեն Արշալույսի Սիմոնյանի երկրային կյանքի ավարտի կապակցությամբ:

Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի հրավերով նա ձեռնամուխ եղավ բուհի բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի կայացմանը և 26 տարի շարունակ աշխատեց ԳՊՀ-ում ամենայն պատասխանատվությամբ, մեծ սիրով և նվիրումով: Պրոֆեսոր Սիմոնյանը ծնվել է 1932 թվականին, Գավառ քաղաքում` ուսուցչի ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը և 1960 թվականից մինչ 2019 թվականն աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում՝ որպես Սաղմնաքիմիայի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ Գավառի պետական համալսարանում՝ որպես կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ:

Արմեն Սիմոնյանը, անցնելով ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի ստեղծած հայկական կենսաքիմիական և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ակադեմիկոս Ս. Սևերինի ու ակադեմիկոս Վ. Սկուլաչյովի կենսաքիմիական ու կենսաէներգետիկական գիտական դպրոցները, Հայաստանում ստեղծել է էվոլյուցիոն կենսաէներգետիկական ուղղությունը և կենսաէներգետիկների իր դպրոցը:

Պրոֆեսորը զեկուցումներով մասնակցել է Եվրոպական կենսաքիմիական ընկերության մի շարք կոնգրեսների աշխատանքներին: Առանձին զեկուցումներով հանդես է եկել Պրահայի, Լայպցիգի, Գյոթեբորգի, Ստոկհոլմի, Բեռլինի համալսարաններում:

Ավելի քան 400 գիտական աշխատանքների (որոնց մի մասը անգլերեն լեզվով) և  մենագրությունների հեղինակ է:

Արգասաբեր է նաև պրոֆեսոր Ա. Սիմոնյանի աշխատանքը մասնագիտական բառարանագրության և հայերեն ժամանակակից կենսաբանական միասնական տերմինաբանություն ստեղծելու բնագավառում:

Արմեն Սիմոնյանը ակադեմիկոս Ա. Գալոյանի հետ համահեղինակությամբ կազմել է «Ռուս-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան» (500 էջ), որն իր տեսակի մեջ միակն է հայերեն լեզվով, և որի բառացանկի մեջ ներառվել են կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մեջ օգտագործվող ավելի քան 5000 տերմիններ ու հասկացություններ, տրվել են դրանց բացատրությունները, և մշակվել է հայերեն միասնական կենսաքիմիական տերմինաբանություն:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Արմեն Սիմոնյանի՝ ԳՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իդա Բատիկյանի հետ համահեղինակությամբ հրատարակած «Ռուս-հայերեն-անգլերեն կենսաբանական բառարանը» (900 էջ)։ Բառարանը ներառում է կենսաբանության տարբեր բնագավառների վերաբերյալ ավելի քան 8000 տերմին։

Պարոն Սիմոնյանի ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ:

Հիմնադրել է Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնը, հետևողական աշխատանք կատարել երիտասարդ կենսաբան և էկոլոգ մասնագետների պատրաստման գործում` միաժամանակ ամրապնդելով բուհի և ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի համագործակցությունը:

Գավառ համայնքի ավագանու որոշմամբ՝ գիտական, հասարակական ակտիվ գործունեության համար պրոֆեսոր Սիմոնյանին շնորհվել է Գավառի պատվավոր քաղաքացու կոչում: Իսկ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի մատուցած ծառայությունների, գիտամանկավարժական անուրանալի վաստակի համար Արմեն Սիմոնյանին շնորհվել է Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Պրոֆեսորը կենսաքիմիայի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդների, ինչպես նաև կենսաքիմիկոսների հանրապետական ասոցիացիայի ու նախագահության անդամ է եղել։

Հաշվի առնելով պրոֆեսորի գիտական ծանրակշիռ ներդրումը հանրապետությունում էվոլյուցիոն կենսաէներգետիկայի ուղղության ստեղծման ու զարգացման, գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրման գործում, մասնագիտական բառարանագրության մեջ ունեցած հսկայական ավանդը, ինչպես նաև բուհական համակարգում մեծ վաստակը՝ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի և ՀՀ կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արմեն Սիմոնյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Պրոֆեսոր Սիմոնյանը միշտ կմնա որպես մարդու, գիտնականի և ուսուցչի  վեհ օրինակ։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատ

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ  ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության և «Cisco Networking Academy»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանում իրականացնել ամառային ճամբար հետևյալ ուղղություններով՝

«Introduction to Cybersecurity,

Art of Investigation,

Introduction to Modern AI,

Update Your Resume with AI,

Digital Awareness»։

Ամառային ճամբարի շրջանակում դասընթացները անցկացվելու են առցանց, մասնակցությունն անվճար է, իսկ հաջողությամբ քննություն հանձնած ուսանողները կստանան հավաստատգրեր «Cisco» միջազգային հեղինակավոր ընկերությունից։

Կարող եք մասնակցել դասընթացներին՝ գրանցվելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeD1BtdrycM4XvabN94QBYudNsG28KwEokrH40hLCCqcKLDKQ/viewform

Հարցերի դեպքում դիմեք Թվային տնտեսության ինստիտուտին /Հեռախոս՝ +374 91-91-50-05/։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ԴԱՐՁԵՔ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ»

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ,

Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան մեկնարկում է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը՝ նպատակ ունենալով Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովին (COP 17)  ընդառաջ նախապատրաստել 300-350 համալսարանական ուսանողների` որպես կենսաբազմազանության իրազեկ և ակտիվ պաշտպաններ։

Գավառի պետական համալսարանի բոլոր մասնագիտությունների ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական ծրագրին՝ գրանցվելով  մինչև ս.թ. օգոստոսի 10-ը։ Դիմել հետևյալ հղումով՝ https://forms.gle/FLADkiUWLBWcQdGK9

Ընտրված ուսանողները կանցնեն 1,5 ամիս տևողությամբ վերապատրաստման ակադեմիայի ծրագիր։ Շրջանավարտներին կտրվի «Կենսաբազմազանության դեսպան» կոչումը, և նրանք կգործեն որպես պատրաստված կամավորական խումբ՝ աջակցելով նախա-COP, COP և հետ-COP փուլերի գործընթացներին։

Մանրամասների համար այցելեք`  https://ace.aua.am/AUCB-KensaDespan

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ․ ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ  ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի շրջանավարտ Արմինե Սաֆոյանը մասնակցեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի /ԶՊՄԿ/ կազմակերպած միջոցառումներին։ Համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի, արտաքին հարաբերությունների և արդյունաբերական ինտեգրման տնօրեն Աննա Սաղաբալյանի և լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանի հետ։ Նրանք մասնակցեցին Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հոբելյանական միջոցառմանը, որի ընթացքում նշվեց, որ Սամվել Ամիրխանյանի գիտական ղեկավարությամբ ԳՊՀ բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը կատարել է ավարտական աշխատանք՝ նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության ուսումնասիրությանը։ Համահեղինակությամբ պատրաստվել է նաև գիտական հոդված։

Արմինե Սաֆոյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով իր ավարտական աշխատանքի հիմնական դրույթները, հետազոտության նպատակը և այն շարժառիթները, որոնք պայմանավորել են  թեմայի ընտրությունը։ ԳՊՀ պատվիրակները եղան հանքավայրում, ծանոթացան հանքաքարի արդյունահանման գործընթացներին, մասնակցեցին մշակութային միջոցառումներին և վառ տպավորություններով վերադարձան Գավառ։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է ոլորտի աշխատակիցներին՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առիթով, և շնորհակալություն  հայտնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․ թ․ հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած  դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած,  սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի  մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:

Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ +374-60-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներով՝ info@gsu, infogsu@mail.ru։

 

ԳՊՀ ընդունող հանձնաժողով

 

 

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱՎՃԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագիրը 2026 թվականին հանրակրթական դպրոցներն ավարտած և 2026-2027 ուսումնական տարում ԳՊՀ առաջին կուրս ընդունված, սոցիալապես անապահով, բարձր արդյունքներ արձանագրած սովորողների համար հայտարում է կրթավճարի մրցույթ։ Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց /օնլայն/ դիմում ՀՕՖ-ի պաշտոնական կայքի միջոցով (կայքի հղումը՝ https://www.farusa.org/ )։ ՀՕՖ-ի բոլոր կրթավճարային ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև դիմումները լրացնելու համար կայքի նավարկության հատվածից /նավիգացիոն մենյուից/ անհրաժեշտ է ընտրել “What We Focus” կոճակը, իսկ այնուհետև ընտրել “Education” բաժինը։ Առձեռն, թղթային տարբերակով ներկայացված դիմումներ չեն ընդունվելու։ ՀՕՖ կայքի վերոնշյալ բաժինը բաց կլինի, և դիմումները կնդունվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /ԿԳՄՍՆ ԳԹԿ-ի/ կողմից միասնական քննությունների արդյունքները և բուհեր ընդունված ուսանողների անունները հրապարակելուց հետո՝ ս․ թ․ հուլիսի 15-ից։Կրթավճարների պայմանները շարադրված են ՀՕՖ-ի հայտարարության տեքստում։
Մաղթում ենք ձեզ հաջողություն։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով փորձնական ընդունելություն։

Ընդունելությանը կարող են մասնակցել`

  1. պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները,
  2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները։

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  2. Կենսաբանություն,
  3. Աշխարհագրություն,
  4. Պատմություն,
  5. Հայոց լեզու և գրականություն,
  6. Ռուսերեն և գրականություն։

Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ներառյալ։

Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում՝ ուղղված ԳՊՀ ռեկտորին,
  2. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ մասնագիտական կրթություն չունենալու պարագայում՝ ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ,

  1. երկու լուսանկար (3×4 չափսի),
  2. զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն (արական սեռի հավակնորդների համար),
  3. հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճեն,
  4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1 հասցեով /հեռախոսներ՝ +374-60-46-03-02, +374-60-46-04-03, +374-60-46-12-43, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ info@gsu.am, infogsu@mail.ru/:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս․ թ․ հուլիսի 11-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում կայացավ քննարկում՝ նվիրված Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրին։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագրի Որակի ապահովման ռազմավարության (Quality Assurance Strategy – QAS) շրջանակում մեկնարկած՝ նախագծի արդյունքների և ազդեցության գնահատման գործընթացը։ Այդ նպատակով իրականացվում է հարցում՝ պարզելու, թե որքանով է ծրագիրը նպաստել մասնակից բուհերի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, հիմնական կատարողական ցուցանիշների (KPIs) մշակման և ներդրման գործընթացին, ռազմավարական պլանավորմանը, համալսարանական կառավարման և որակի ապահովման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև գնահատելու նախագծի իրականացման ընդհանուր որակը։ Նշվեց, որ գնահատման գործընթացն ընդգրկում է նախագծի հիմնական արդյունքներն ու գործիքները, մասնավորապես՝ վերապատրաստման փաթեթը (Training Kit), «Ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցը» (GIRSPA), «Ինստիտուցիոնալ հետազոտության գործառնական ձեռնարկները» (OMIR), GIRSPA-ին համապատասխան վերանայված պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները, ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման պիլոտային գործունեությունը, ինչպես նաև որակի ապահովման, տեղեկատվության տարածման և նախագծի կառավարման գործընթացները։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ծրագրի նշանակությունը՝ ընդգծելով, որ  «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագիրը Գավառի պետական համալսարանի համար դարձել է ոչ միայն միջազգային համագործակցության հաջողված օրինակ, այլև կառավարման մշակույթի և որակի ապահովման համակարգի զարգացման կարևոր խթան։ Տիկին Հակոբյանը նշեց, որ ծրագրի շրջանակում մշակված գործիքները կնպաստեն տվյալահեն որոշումների կայացմանը, ռազմավարական պլանավորման արդյունավետության բարձրացմանը և համալսարանի շարունակական զարգացմանը՝ վստահություն հայտնելով, որ իրականացվող գնահատումը կօգնի ոչ միայն արժևորել կատարված աշխատանքը, այլև նախանշել հետագա զարգացման նոր հնարավորություններ՝ ապահովելով «KPI4HE» ծրագրի արդյունքների կայունությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամները կարևորեցին նախագծի բոլոր շահակիցների ակտիվ մասնակցությունը գնահատման գործընթացին՝ այն դիտարկելով որպես համալսարանի որակի մշակույթի ամրապնդման և միջազգային համագործակցության արդյունքների գնահատման կարևոր բաղադրիչ։

 

 

 

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց Եվրոպական միության «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։

Համաժողովի նպատակն էր հանրայնացնել նախագծերը, դրանցից ակնկալվող արդյունքները, ներկայացնել ծրագրերի բովանդակային ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել բաց համագործակցության հարթակ՝ միավորելով բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտների շահառուներին, պետական մարմիններին և այլ գործընկեր կազմակերպություններին։

Գավառի պետական համալսարանը, ի թիվս այլ հայաստանյան բուհերի և հասարակական կազմակերպությունների, համաժողովի «Նեթվորքինգ» հատվածում ներկայացավ համապատասխան տեղեկատվական նյութերով։ ԳՊՀ-ից համաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

 

ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

2026 թվականի հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրեցին ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ,  ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին, շնորհակալություն հայտնեց Գավառի պետական համալսարանի դասախոսներին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին և  բոլոր բարերարներին։

Ավանդույթի համաձայն՝ հնչեց ԳՊՀ մագիստրոսի երդումը, որից հետո շրջանավարտները խորին երախտագիտություն հայտնեցին սիրելի կրթօջախին՝ հավաստիացնելով, որ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի սերմանած վեհ արժեքներն ու պատվիրաններն ապրում են յուրաքանչյուր համալսարանականի հոգում, մտքում և գործերում։ Նրանք շնորհակալություն հայտնեցին բուհի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանին և վարչական,  պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առաքինի և պատասխանատու անհատներ, որակյալ մասնագետներ, հայրենասեր քաղաքացիներ պատրաստելու նվիրական աշխատանքի համար:

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը։ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց և հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԳՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2025 թվականի շրջանավարտ Վան Սիմոնյանը: Միջոցառումը վարեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Մանուկյանը և «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտ Պապին Կարապետյանը, որոնք ուսանողների անունից շրջանավարտներին մաղթեցին հաջողություններ մասնագիտական ոլորտում և շարունակական ձեռքբերումներ կյանքի բոլոր բնագավառներում։

Դիպլոմների շնորհման արարողությունն ուղեկցվեց շրջանավարտների հաջողությունների մասին պատմող ոգեշնչող տեսանյութերով, եվրոպական գործընկեր բուհերում սովորող ԳՊՀ ուսանողների առցանց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Գեղեցիկ պարային, երաժշտական կատարումներով միջոցառումը զարդարեցին Գավառի արվեստի դպրոցի սաները, դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Խաչատրյանը, նույն դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը, ջութակահար Էլեն Շհոյանը։

Բարի երթ և բարին ընդ ձեզ, Գավառի պետական համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան