Ս․ թ․ սեպտեմբերի 24-ին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ուսանողներին ներկայացրեց Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերն ու Գերմանիայում ուսումնառության հնարավորությունները։ Սովորողներն իրազեկվեցին մագիստրոսական կրթաթոշակային ծրագրի մասին, որը տարբեր մասնագիտությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում շարունակելու ուսումնառությունը Գերմանիայի պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերում։ Ներկայացվեց ERP կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար՝ Գերմանիայում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու նպատակով։ Ուսանողները տեղեկացան գերմանական բուհերում ամառային դպրոցներին մասնակցության հնարավորությունների մասին, որոնք նախատեսված են տարբեր մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար և ներառում են գերմաներենի ու տարածաշրջանային ուսումնասիրությունների դասընթացներ։ Ներկայացվեցին նաև DAAD-ի կողմից տրամադրվող կրթաթոշակային աջակցության հիմնական ձևերը՝ ամսական կրթաթոշակ, ճանապարհածախսի և ապահովագրության աջակցություն, որոշ դեպքերում՝ գերմաներենի նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում։ Անդրադարձ կատարվեց գերմանախոս երկրներում կրթություն ստացած հայ շրջանավարտների համագործակցության և կապերի զարգացման նախաձեռնությանը (AADL․ Armenian Alumni of German-Speaking Countries)։ Ուսանողների գնահատմամբ՝ կայացած տեղեկատվական հանդիպումը բովանդակալից էր և օգտակար։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ DAAD-Ի ԾՐԱԳՐԵՐԸ