ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը մասնակցեց Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում տեղի ունեցած ամառային դպրոցին, որին մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ Հայաստանի, Ալբանիայի, Բոսնիայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի, Կոլոմբիայի, Էկվադորի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Մարոկկոյի, Պաղեստինի, Թունիսի, Հարավային Կորեայի և Ուրուգվայի մի շարք համալսարաններից։ Ամառային դպրոցի նպատակն էր՝ միջմշակութային և միջազգային համատեքստում տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներին հաղորդել ճկուն հմտություններ /soft skills/` գործնական մոտեցմամբ ինտենսիվ ներածական դասընթացների շնորհիվ։
Լիլիթ Թոռչյանը ամառային դպրոցի ընթացքում հանդես եկավ դասախոսությամբ, որի թեման էր՝ Voices and Verses․ գրավոր և բանավոր անգլերենի հմտությունների զարգացում։ Դասընթացի նպատակն էր՝ ավելացնելու ուսանողների ինքնավստահությունը՝ իրենց մտքերն օտար լեզվով բանավոր և գրավոր կերպով արտահայտելիս՝ ինտերակտիվ առաջադրանքների և առօրյա կյանքում հանդիպող իրավիճակների ներկայացման շնորհիվ։ Ներկայացվեցին համոզիչ բանավոր և ստեղծարար գրավոր խոսքին բնորոշ հիմնական հատկանիշները և դրանց տիրապետելու հիմնական ուղիներն ու հնարքները։ Շեշտադրվեց հատկապես բառապաշարի ընդլայնման, լեզվական ոճի, համապատասխան ռեգիստրի և լեզվական կառույցների ճիշտ ընտրությունը՝ սահուն հաղորդակցական հմտությունների ձեռքբերման նպատակով։ Լեզվակիրների օրինակով ուսանողերը ծանոթացան այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ և արտահայտիչ գրավոր և բանավոր խոսք ունենալու համար։
Դասախոսական աշխատանք կատարելուց բացի Լիլիթ Թոռչյանը մասնակցեց «Շեքսպիրը՝ փոքր էկրանին» խորագրով վերապատրաստման դասընթացին, որը նախատեսված էր դասախոսական կազմի համար։
Որպես Գավառի պետական համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերի համակարգող՝ Լ․ Թոռչյանը Ալմերիայի համալսարանի Միջազգային գրասենյակի աշխատակիցների հետ քննարկեց միջազգային կրեդիտային շարժունության և կարողությունների զարգացման, ինչպես նաև Horizon 2020 ծրագրերին մասնակցելու նոր հնարավորություններ, մասնակցեց մշակութային մի շարք միջոցառումների։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան