Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ գիտագործնական ուղղվածությամբ «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս, որը վարեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը:
Բաց դասին ներկա էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ: Ներկա էին նաև Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, որոնք հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ իրականացնում էին նախագծային աշխատանք՝«Բանավոր պատմությունների գանձարան» թեմայով:
Բաց դասի ընթացքում Լուսինե Ղռեջյանը հանգամանորեն ներկայացրեց Գավառի տարածաշրջանի բանահյուսական ժառանգության հարուստ պատմությունը, անդրադարձավ դաշտային բանահավաքչական աշխատանքների մեթոդաբանությանը, բանագիտական նյութերի գրառման և հրատարակման գործընթացներին: Հատուկ անդրադարձ կատարվեց Գավառի տարածաշրջանի բանահյուսության արդի վիճակին և կենսունակությանը ժամանակակից սոցիալ-մշակութային պայմաններում:
Դասն անցավ փոխներգործուն մեթոդներով, ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: Աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանքների շրջանակներում իրենց գրառած բանահյուսական պատառիկներն ու նյութերը: Լուսինե Ղռեջյանը յուրաքանչյուր թեմայի շուրջ տվեց մասնագիտական պարզաբանումներ, ուղղորդեց սովորողներին գիտական ճշգրիտ ձևակերպումների հարցում:
Ամփոփելով բաց դասը՝ տիկին Ղռեջյանը կարևորեց ազգային մշակույթի և բանարվեստի ավանդույթների շարունակականության ապահովմանն ուղղված աշխատանքները և երիտասարդ սերնդի դերը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման հարցում: