Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 3-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, ԳՊՀ դասախոս Արմեն Սահակյանը։ Պարոն Սահակյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արհեստական բանականության դերը Հայ եկեղեցու ծխական համայնքների կյանքում. աստվածաբանական և սոցիոլոգիական վերլուծություն» թեմայով։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիանա Բալյանը զեկուցեց սոցիալական գործընկերության արդյունավետության գնահատման հիմնահարցերի վերաբերյալ։
Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերգեյ Բիստրանցևը և ուսանողուհի Վարվառա Բոյչենկոն ներկայացրին հետաքրքիր զեկուցում՝ նվիրված հայկական կինոմատոգրաֆիայի դերին և լսարանի վրա ունեցած ազդեցությանը։ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վերոնիկա Գուրկոն և նույն համալսարանի ուսանող Գլեբ Բրյուսովցևը համահեղինակությամբ ներկայացրին զեկուցում առևտրի և հասարակական սննդի հիմնական օբյեկտների հաշվառման մեթոդաբանական առանձնահատկությունների վերաբերյալ։
Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Վերա Ժիգինան զեկուցեց տնտեսական ինտեգրացիայի ծրագրերի, զարգացման միտումների և ֆինանսավորման կառուցակարգերի մասին։
Դոնեցկի ազգային տնտեսագիտության և առևտրի համալսարանի շուկայաբանության և առևտրի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Լև Սարգիսյանը և նույն համալսարանի ուսանող Միխայիլ Միշինը համատեղությամբ ներկայացրին գիտական զեկուցում՝ «Էկոմարքեթինգի ներդրման առանձնահատկությունները ձեռնարկատիրական գործունեությունում» թեմայով։
Բելառուսի սպառողական կոոպերատիվների առևտրի և տնտեսագիտության համալսարանի ավագ դասախոս Իննա Նովիկովայի և նույն համալսարանի ուսանող Ալեքսանդր Դերգելևի զեկուցումը նվիրված էր փոքր բիզնեսի հաշվետվությունների համար սոցիալական արդյունավետության ցուցիչների (KPI) համակարգի մշակմանը։
Զեկուցումներն ուղեկցվեցին քննարկումներով, մտքերի փոխանակմամբ։
Պարոն Արմեն Սահակյանը ամփոփեց բաժանմունքի աշխատանքը և շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով դասախոսների և երիտասարդ հետազոտողների գիտական գործունեությունը։