ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս Հասմիկ Մարգարյանը Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում մասնակցեց Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին, որը միավորել էր տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման և կրթական նորարարությունների քննարկման նպատակով։
Միջազգային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ գիտակրթական և մշակութային միջոցառումներ։ Հասմիկ Մարգարյանը մասնակցեց միջազգային կամավորության և համալսարանների սոցիալական պատասխանատվության թեմայով գիտաժողովին, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողական շարժունության փորձին նվիրված կլոր սեղան-քննարկմանը և ցանցային հանդիպումներին (Networking session), որոնց ընթացքում քննարկվեցին միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և միջազգային կրեդիտային շարժունության իրականացման խնդիրներն ու հեռանկարները։ Աշխատաժողովների ընթացքում ներկայացվեցին «Էրազմուս+» 2021–2027թթ․ ծրագրի գործիքները, «OLA (Online Learning Agreement)» համակարգը, «Blended intensive (BI)» ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև եվրոպական ֆինանսավորմամբ կրթական նախագծերի կառավարման լավագույն փորձը։
Հետաքրքիր էր «Արհեստական բանականության կիրառման հնարավորությունները բուհական կառավարման համակարգերում» թեմայով դասախոսությունը, որի ընթացքում ներկայացվեցին ուսանողական տվյալների վերլուծության, ակադեմիական առաջադիմության հաշվարկման, ուսումնական գործընթացի անհատականացման և վարչական գործընթացների ինքնաշխատ կազմակերպման արդի մոտեցումները։
Միջազգային շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին նաև մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային ուսանողների փառատոն, որոնք նպաստեցին միջմշակութային հաղորդակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը։
Միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերը ԳՊՀ դասախոսին ընձեռեցին նոր գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան