ԳՊՀ 29-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2026 թ․ մայիսի 2-ին կայացած Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։

Ծրագրում զեկուցումները նվիրված էին հայոց պատմության հիմնախնդիրներին՝ Հայաստանի առաջին հանրապետության մամուլին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, 1945 թ․ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցին, ինչպես նաև 1915-1920-ականների Նոր Բայազետի գավառում որբախնամ գործունեության կազմակերպման խնդիրներին։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը (զեկուցման թեման՝ «Վլադիկ Ներսիսյանցի «Ցիվիլիզմի մանիֆեստը» աշխատությունը որպես հասարակության առաջընթացի մոդել»), ամբիոնի դասախոսներ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը (զեկուցման թեման՝ «Հայկական հարցը և եվրոպական տերությունները ռուսական պատմագրությունում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Հակոբյանը (զեկուցման թեման՝ ««Յուրացում» ջնջման միջոցով. հիշողությունը և տարածքը օկուպացված Ստեփանակերտում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանը (զեկուցման թեման՝ «Որբախնամ գործունեության կազմակերպումը Նոր Բայազետի գավառում (1915-1920-ական թթ.»): Դասախոս Քանաքարա Հայրապետյանի հետ համահեղինակությամբ զեկուցումներ ներկայացրին Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լենա Խաչատրյանը (զեկուցման թեման՝ «Նադիր Շահի բռնագաղթի քաղաքականությունը Արևելյան Հայաստանում») և Արմինե Ասլանյանը (զեկուցման թեման՝ «1945 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցի շուրջ»):

Գիտաժողովին զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աննա Ասատրյանը (զեկուցման թեման՝ «ՏԻՄ-երի գործունեության լուսաբանումը Հայաստանի առաջին հանրապետության մամուլի էջերում»): Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում։ Բաժանմունքի աշխատանքի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին և շնորհակալական խոսք ուղղեցին գիտաժողովի կազմակերպիչներին՝ ԳՊՀ 29-րդ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ:

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան