2026 թ․ մայիսի 2-ին կայացած Գավառի պետական համալսարանի 29-րդ միջազգային գիտաժողովի 5-րդ բաժանմունքում ներկայացվեցին մանկավարժական և հոգեբանական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված հետաքրքիր զեկուցումներ։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Արմինե Դավթյանը։ Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան տեսական և կիրառական նշանակություն ունեցող զեկուցումներով, որոնք վերաբերում էին կրթության, դաստիարակության, հոգեբանական աջակցության և ժամանակակից մանկավարժական գիտակարգերի տարբեր հարցերի։ Տիկին Դավթյանը ներկայացրեց զեկուցում՝ «Функционально-ориентированная типология личности: от описательных классификаций к анализу вклада личности в социальную среду» թեմայով։ Շիրակի պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Շողիկ Սարգսյանը, ուսանող Արուսյակ Նահապետյանն անդրադարձան պրոբլեմային ուսուցման մեթոդաբանությանը և դրա կիրառմանը հանրակրթական դպրոցի հայոց լեզվի դասավանդման գործընթացում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Երկանյանը զեկուցեց «Դասավանդողի խոսքի էթիկետ» թեմայով։
ԳՊՀ ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Oլգա Ղազարյանը ներկայացրեց զեկուցում «Լեզվական խաղերի կիրառումը մայրենիի դասերին՝ որպես սովորողների ճանաչողական հետաքրքրության ձևավորման միջոց» թեմայով։
Սարուխանի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Բալասան Սաքեյանը ներկայացրեց «Քննադատական մտածողությունը՝ պատմական մտածողության նախապայման» թեմայով զեկուցում։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի մասնագետ Սոֆի Գրիգորյանը ներկայացրեց «Աշխատանքային թիմերի տեսակները որպես գործունեության արդյունավետության գործոն» թեմայով զեկուցում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը ներկայացրեց զեկուցում՝ «Քննադատական մտածողության զարգացումը կրտսեր դպրոցում մայրենիի դասերին» թեմայով։
Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտական դպրոցի ուսուցչուհիներ Հայկուշ Պետրոսյանը, Նվարդ Ալիխանյանը, Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Սարգսյանը ներկայացրին «Արհեստական բանականության նպատակային ինտեգրումը պատմության դասավանդման գործընթացում» թեմայով զեկուցում։
Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ելենա Հարությունյանը ներկայացրեց զեկուցում՝ «Միջին դպրոցում կարճ պատմվածքներ ուսուցանելիս նախընթերցանական վարժությունների կիրառման ռազմավարությունները» թեմայով։ ՇՊՀ դասախոս, հայցորդ Սոֆիա Հովսեփյանը խոսեց «Արտ թերապիայի կիրառումը որպես ախտորոշիչ միջոց» թեմայի շուրջ։
ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Ջուլիետա Մարգարյանը ներկայացրեց զեկուցում՝ «Դերային խաղերը և պատմական կերպարների մոդելավորումը պատմության դասավանդման ընթացքում» թեմայով։
Զեկուցումներն ուղեկցվում էին բովանդակալից շնորհանդեսներով և քննարկումներով։ Մասնակիցներն ընդգծեցին մանկավարժական և հոգեբանական գիտությունների արդիական նշանակությունը կրթական համակարգի զարգացման, մասնագիտական որակների բարելավման և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում։