Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 2-րդ մասնագիտական բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ իրավագիտության և քաղաքագիտության արդի հիմնահարցերի վերաբերյալ։
Գավառի պետական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը և ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում՝ «Պառլամենտի գործառույթների իրականացման կառուցակարգերը Կառավարության հետ փոխհարաբերությունների համատեքստում» թեմայով։
ԳՊՀ իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խաչատրյանը ներկայացրեց զեկուցում իրավունքի և կանխագուշակության վերաբերյալ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկանդուխտ Ղարիբյանը, ռազմագիտության մասնագետ, դոցենտ Համլետ Մաթևոսյանը, Լիսաբոնի համալսարանի դոկտորանտներ Արմեն Չիլինգարյանը և Լիլիթ Մինասյանը համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման իրավական կարգավորման որոշ հարցերի վերաբերյալ։ Զեկուցման հիմնական դրույթները ներկայացրեց Հայկանդուխտ Ղարիբյանը։ Դոնեցկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Կուզնեցովան ներկայացրեց զեկուցում՝ «Մշակութային-հումանիտար ոլորտը և երիտասարդական դիվանագիտությունը Եվրասիական ինտեգրման շրջանակներում» թեմայով։
ԳՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ Անի Ամիրյանի զեկուցումը վերաբերում էր պետական իշխանության բաժանման և հավասարակշռման տեսամեթոդական հիմունքներին, իսկ Հայաստանի եվրոպական համալսարանի հայցորդ Սերյոժա Դավթյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արդար դատաքննության իրավունքի արժեբանական հիմքերը և զարգացման էվոլյուցիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ Զեկուցումներն ուղեկցվեցին բովանդակալից քննարկումներով։ Բաժանմունքի նախագահ Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԳՊՀ գիտաժողովի մասնակիցներին և ամփոփեց մասնագիտական բաժանմունքի աշխատանքները։