ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ` ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտ, համալսարանի դասախոս Սոնա Կոստանտի Սիմոնյանին՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու առիթով։ Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ, «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում (զուգադրական քննություն)» թեմայով ատենախոսության պաշտպանությունը կայացել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդում:
Տիկին Սիմոնյանի՝ տարիներ շարունակ կատարած հետազոտությունը նվիրված է ժամանակակից հայերենի և անգլերենի հարադրավոր բայերի զուգադրական քննությանը, որի շրջանակներում, երկու լեզվական համակարգերի համեմատությամբ, համակողմանիորեն ուսումնասիրվել և վեր են հանվել դրանց իմաստաբանական, գործառական և կառուցվածքային նմանություններն ու տարբերությունները։
Ատենախոսի գիտական ղեկավարն էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Հովսեփյանը։ Որպես պաշտոնական ընդդիմախոսներ հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանանա Դալալյանը, իսկ առաջատար կազմակերպությունն է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը։ Սոնա Սիմոնյանին մաղթում ենք հետագա հաջողություններ և ձեռքբերումներ։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան