Լիտվայի Վիլնյուս քաղաքի Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության ‹‹ERASMUS+T-GREEN. հետբակալավրիական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի›› ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, նույն ամբիոնի դասախոս, ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։ Ծրագիրը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ։ Աշխատաժողովի ընթացքում ԵՄ գործընկերները ներկայացրին Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանի, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի և Լեհաստանի Կրակովի Յագելոնյան համալսարանի «Կանաչ կրթության» քաղաքականության մշակման, համատեղ և կրկնակի որակավորումներ շնորհող կրթական ծրագրերի իրականացման գործում ունեցած փորձը։
Ներկայացվեցին գործընկեր ՀՀ բուհերի կողմից մշակված համատեղ կամ կրկնակի աստիճանաշնորհմամբ մագիստրոսական կրթական ծրագրերը։ Գավառի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ կազմած «Կանաչ տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներկայացրեց ԳՊՀ պատվիրակության անդամ Լիլիթ Թոռչյանը՝ անդրադառնալով ծրագրի նախապատրաստական փուլում իրականացված համադրական վերլուծության /բենչմարքինգ/ գործընթացին, նախատեսված կրեդիտներին, կրթական վերջնարդյունքներին և այլ հարցերի։ Մշակված ծրագրերը եվրոպացի գործընկերների կարծիքների հաշվառմամբ կլրամշակվեն, ինչպես նաև որոշ դասընթացներ կվերապրոֆիլավորվեն՝ ուղղված լինելով «կանաչ կրթությանը» և բնական ռեսուրսների խնայողաբար ու խելամիտ օգտագործմանը։
ԳՊՀ ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ «Կանաչ տնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասնագրի տարբեր կառուցամասերի բաղադրիչների, պարտադիր և կամընտրական դասընթացների, կրթական վերջնարդյունքների բովանդակության, ծրագրի լիցենզավորման պահանջների վերաբերյալ։ Աշխատաժողովի ընթացքում անցկացված վերապատրաստման դասընթացի նյութերը հասանելի կլինեն ծրագրի ընդհանուր հարթակում՝ դրանցից օգտվելու և առաջավոր միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով։