2026թ. մայիսի 2-ին կայացավ Գավառի պետական համալսարանի ամենամյա հերթական՝ 29-րդ միջազգային գիտաժողովը։ Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց 10 մասնագիտական բաժանմունքներում։ 6-րդ բաժանմունքում լսվեցին հայոց լեզվին և նրա դասավանդման մեթոդիկային նվիրված զեկուցումներ։ Զեկուցումներով հանդես եկան Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, Երևանի պետական համալսարանի դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ Սուսաննա Գրիգորյանը, որը դասախոսում է նաև Գավառի պետական համալսարանում, Նաիրա Պարոնյանը, Սիրարփի Կարապետյանը, ԳՊՀ և ՀՌՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը, ՇՊՀ հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը, նույն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Հերիքնազ Հովհաննիսյանը՝ ղեկավարությամբ ՇՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանի, ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը՝ ղեկավարությամբ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ռուզաննա Սարգսյանի, Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը։
Վիկտոր Կատվալյանի զեկուցումը նվիրված էր Հրաչյա Աճառյանի «Գավառական բառարան»-ում Բայազետի բարբառին վերաբերող բառաշերտի ուսումնասիրությանը։ Հատկանշական է, որ այս տարի նշվում է մեծ հայագետի ծննդյան 150-ամյակը։ Թաթուլ Ասոյանի զեկուցման մեջ քննարկվում էին 19-րդ դարի պարբերականներում, մասնավորապես Կ․Պոլսում հրատարակված «Սէր» հանդեսում արծարծված լեզվական հարցերը։
Ն․ Պարոնյանի, Ս․ Գրիգորյանի և Ս․ Կարապետյանի համատեղ զեկուցումները վերաբերում էին Մ․ Ասատրյանի՝ հայ բարբառների դասակարգմանը վերաբերող դիտարկումներին (զեկուցեց Ն․ Պարոնյանը) և Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Պատմութիւն տիեզերական» երկում եղած նորակազմություններին (զեկուցեց Ս․ Գրիգորյանը)։ Ն Իսկանդարյանը ներկայացրեց բուհում հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի մեթոդներն ու տեխնոլոգիաներն ըստ ուսուցման սեփական փորձի։ Մայրենի լեզվի զարգացման խնդիրներին և նրա պահպանման մարտահրավերներին էր նվիրված Ի․ Ասոյանի զեկուցումը։ Ներկայացվեցին զեկուցումներ Հ․ Սահյանի պոեզիայում առկա ածականական բառակապակցությունների, նրանց ոճական առանձնահատկությունների (զեկուցեց Մ․ Մկրտչյանը, համահեղինակ՝ Ա․ Ավագյան ) և Վ․ Դավթյանի պոեզիայում գործածված միակազմ նախադասությունների, դրանց կիրառական նշանակության վերաբերյալ (զեկուցեց Հ․ Հովհաննիսյանը)։ Լ․ Մանուկյանի զեկուցման թեման պրոբլեմային մեթոդի կիրառման առանձնահատկություններն էին կոնկրետ լեզվական նյութի ուսուցման համատեքստում։
Զեկուցումներում արծարծված լեզվական ու մեթոդական հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։