Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի մասնագետ Մարիամ Նախրատյանը և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ Նոնա Մուրադյանը մասնակցեցին «Արհմիության անդամակցության բարձրացման շարժառիթները» թեմայով երկօրյա սեմինարի, որը կազմակերպվել էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից։ Կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը հանդես եկավ զեկուցումներով՝ «Կոլեկտիվ բանակցություններ» և «Արհմիությունների դերը» թեմաներով, որոնք ուղեկցվեցին քննարկումներով։ Մասնակիցներն անդրադարձան աշխատողների իրավունքների պաշտպանության կառուցակարգերին, սոցիալական գործընկերության զարգացման հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոլեկտիվ բանակցությունների արդյունավետ կազմակերպման և իրականացման գործիքներին։
Առանձնակի ուշադրություն դարձվեց արհմիությունների՝ որպես աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական երկխոսության խթանման և գործատու–աշխատող հարաբերությունների հավասարակշռման կարևոր ինստիտուցիոնալ կառույցի դերին։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը ներկայացրեց «Աշխատանքային օրենսդրություն» թեմայով զեկուցում։ Բանախոսը կարևորեց աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման արդյունավետության ապահովումը, ներկայացրեց օրենսդրական վերջին փոփոխությունները և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները, պատասխանեց մասնակիցների հարցերին։
ԳՊՀ ներկայացուցիչները նշեցին, որ սեմինարը ընձեռեց գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, աշխատանքային հարաբերությունների ոլորտում արդիական փորձի և մոտեցումների ուսումնասիրման ու կիրառման, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման լայն հնարավորություն: