Գավառի պետական համալսարանում կայացավ բուհի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի՝ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին «2008-2018թթ․» եռահատորյակի շնորհանդեսը։ Աշխատությունը ներկայացրին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և դասախոս Օլգա Ղազարյանը։ Բանախոսները արձանագրեցին, որ ծավալուն ու բովանդակալից եռահատոր աշխատությունը առանձնանում է ոչ միայն իր փաստագրական ընդգրկմամբ, այլև ազգային-պետական գաղափարախոսական հենքով։ Եռահատորյակում ամփոփված են տասնամյակի ընթացքում հեղինակի ծրագրային ելույթները, ներկայացված են համազգային տեսլականները, համահայկական նախաձեռնությունները, ինչպես նաև հոգևոր և մշակութային պատգամները՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։ Աշխատությունը շոշափում է հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են հայության ազգային ինքնությանը, միասնականությանն ու ապրող ազգային ոգուն։ Գրքի բովանդակությունը վեր է ժամանակից և կարող է օգտակար լինել հայոց ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին։ Գիրքն ունի պատմագրական արժեք՝ որպես ժամանակաշրջանի վկայագիր, որտեղ արտացոլված են ինչպես պաշտոնական մոտեցումները, այնպես էլ հանրային ընկալումները՝ Սփյուռքի դերակատարման, հայապահպանության և ազգային ինքնության խնդիրների վերաբերյալ։ Ինչպե՞ս ապահովել Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործում, ի՞նչ ռազմավարություններ են անհրաժեշտ մայրենի լեզվի պահպանման համար, ինչպե՞ս խթանել հայրենադարձությունը և կանխել ուծացումը, ինչպե՞ս է հնարավոր համախմբել տասը միլիոն հայությունը համազգային ծրագրերի, համահայկական մտածողության և գաղափարախոսության շուրջ։ Այս հարցադրումների պատասխանը հեղինակը տալիս է՝ որպես պետական գործիչ և մտավորական՝ առաջարկելով գործնական միջոցառումներ, օրենսդրական փոփոխությունների նախագծեր, կրթական և մշակութային ծրագրեր։
Հեղինակը բազմիցս ընդգծում է, որ հայ ինքնության պահպանման առանցքները չորս հիմասյուների միասնությունն է, դրանք են՝ մայրենի լեզուն, հայ ընտանիքը, հայ մշակույթը, հայ հավատքը։ Հրանուշ Հակոբյանը հաճախ հղում է կատարում հայ դասականներին՝ Եղիշե Չարենց, Նարեկացի, Շնորհալի՝ հնչեցնելով Չարենցյան միասնության, Շնորհալու սիրո, Նարեկացու աստվածահաճո պատվիրանները, ինչը բացահայտում է աշխատության գաղափարական խորությունը. Չարենցը՝ որպես ազգասիրական տագնապի կրող, Շնորհալին՝ որպես եղբայրասիրության քարոզիչ, իսկ Նարեկացին՝ որպես ազգային ներքին ինքնագիտակցության պահպանման, աստվածային ազգակերտման խորհրդանիշ։ Այսքանը միահյուսելով՝ Հակոբյանը պատկերում է մի հոգևոր դաշնություն, որը պետք է միավորի տասը միլիոն հայությանը։
Գնահատելով եռահատորյակի պատմական, գիտական ու գործնական արժեքը՝ բանախոսներն ընդգծեցին, որ աշխատասիրությունն արժեքավոր է որպես պատմական վավերագրական փաստաթուղթ՝ պետական ինստիտուտի գործունեության փաստագրությամբ, որպես գործնական ուղեցույց՝ Սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցների և անհատների համար, որպես գաղափարախոսական մանիֆեստ՝ համազգային միասնության, ինքնության պահպանման, հայոց լեզվի և մշակույթի պաշտպանության գործում։
Բանախոսները աշխատությունը կարևորեցին որպես հայ ժողովրդի նորագույն պատմության ու սփյուռքագիտության մեջ կարևոր ներդրում և երախտագիտություն հայտնեցին հեղինակին՝ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում անուրանալի ավանդ ունեցող պետական գործչին, գիտնականին ու դասախոսին՝ Հրանուշ Հրանտի Հակոբյանին։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ ապրիլի 16-ին և 23-ին-ին, ժամը՝ 13։00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
«ԿՆՈՋԸ ԳՈՎԵՐԳՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄՈՒՍԱՆԵՐԸ»
Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ «Կնոջը գովերգում են բոլոր մուսաները» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Միջոցառումը կազմակերպվել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանի նախաձեռնությամբ։
Ցերեկույթը մեկնարկեց խորհրդանշական բեմադրությամբ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տեսարանով։ Գաբրիել հրեշտակապետի և Մարիամի հանդիպումը ներկայացվեց որպես մայրության, լույսի ու հավատքի խորհրդանիշ։ Միջոցառման ընթացքում հիշատակվեցին աշխարհահռչակ հայ կանայք, ովքեր բարձր են պահել մեր ժողովրդի անունն աշխարհի տարբեր անկյուններում։ Ուսանողներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հիմնադիր նախարար, Գավառի պետական համալսարանի համահիմնադիր, հայտնի պետական-քաղաքական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանին՝ պետականաշինության, օրինաստեղծման, կրթության, գիտության ոլորտներում անգնահատելի ավանդի համար։
Տիկին Հակոբյանը կարևորեց կանանց դերը կյանքի շարունակականության ապահովման, աճող սերնդի կրթության և դաստիարակության, ազգային արժեքների պահպանման ու փոխանցման, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների զարգացման գործում: Ցերեկույթին մասնակցեցին և իրենց ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները ԳՊՀ ուսանողուհիներին և կին դասախոսներին ուղղեցին «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանը, Երևանի թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակազմը, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեթոդիստ Ռուզան Վարդանյանը։ Տոնական օրն իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարեցին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի և Նորատոսի արվեստի դպրոցի սաները։
ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Արհեստական բանականության գրագիտություն, «Prompt Engineering» խորագրով անվճար վերապատրաստման դասընթացին, որը վարում է ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։
Դասերը կանցկացվեն սույն թվականի ապրիլի 19-ին և 26-ին, ժամը՝ 14։30-ին, Գավառի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի 223 համակարգչային լսարանում։
Սիրով սպասում ենք։
ԳՊՀ ռեկտորատ
ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնը կազմակերպեց «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի նախապաշտպանություն։
Մասնագիտական գիտելիքների հարստացման և հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ավարտական աշխատանքների պաշտպանությանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով թեզերի նախապաշտպանությանը ներկա էին նաև վերոնշյալ մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները։
Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող ճանաչված «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լուսինե Պողոսյանի և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Անիկ Ավետիսյանի կողմից ներկայացված հետազոտությունները, որոնք աչքի ընկան բովանդակային ամբողջականությամբ, հիմնավորված եզրակացություններով և առաջարկություններով։
Նախապաշտպանության ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին մասնագիտական հարցեր և օգտակար խորհուրդներ։ Թեզերի նախապաշտպանության արդյունքներն ամփոփեց ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ, ԱՎԵՅՐՈ ԵՎ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհո, Ավեյրո, ինչպես նաև Էվորա համալսարաններում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ Application Guide հղումով։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ․ https://uminho.moveonfr.com/locallogin/67d170d4f484e754ea054497/eng :
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ. մայիսի 7-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։
ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային ցուցանիշների վերաբերյալ։ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց գործունեության առանցքային ցուցանիշների՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի զարգացման ռազմավարական նպատակներին համահունչ լինելու կարևորությունը։ Նշվեց նաև, որ անհրաժեշտ է գործունեության առանցքային ցուցանիշների հստակեցում, բովանդակային և մեթոդական հիմնավորում, կազմակերպական ապահովում, այնպիսի կառուցակարգի մշակում և ներդնում, որով հնարավոր կլինի արձանագրել, մշտադիտարկել և վերլուծել ցուցանիշները, ձեռնարկել դրանց բարելավմանը միտված միջոցներ՝ համադրելով միջազգային չափանիշներին, հաշվի առնելով առաջավոր փորձը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկությունները։ Գործունեության առանցքային ցուցանիշները պետք է սահմանվեն բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում և իրականություն դառնան որպես կատարողականի արդյունավետության ցուցիչներ՝ ապահովելով արդյունքահեն աշխատանք։ Իսկ ընդունվելիք ազգային շրջանակը տվյալների առավել համակարգված հավաքագրման, վերլուծության և կիրառման հնարավորություն կընձեռի՝ նպաստելով կրթական համակարգում առկա խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։
Ազգային մակարդակով չափելի ցուցանիշների առկայությունը կարող է նպաստել նաև բուհերի կառավարման արդյունավետությանը՝ առաջարկելով ռազմավարական պլանավորման և ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մեխանիզմներ։
Աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը թույլ կտա համեմատել տարբեր ուսումնական հաստատությունների կատարողական վերջնարդյունքները, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, իրականացնել համադրական վերլուծություն և ձեռնարկել արդյունքների բարելավմանն ուղղված միջոցներ։
Որպես ամփոփում նշվեց, որ բարձրագույն կրթության ոլորտում գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ընդունումը կարևոր է՝ կայուն զարգացման, հաշվետվողականության ապահովման և շարունակական բարելավման ճանապարհին, նպաստելով կրթական վերջնարդյունքների հստակ ձևակերպմանն ու դրանց ձեռքբերմանը, կրթական համակարգի արդյունավետ գործունեությանը։