ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԼԻԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Լիաննա Արմենի Հայրապետյանն եմ ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Սովորել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցը՝ 2020 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով: Իմ հաջողության պատմությունը սկսվել է այն գիտակցումից, որ կրթությունը և ինքնակատարելագործումը միակ հուսալի ճանապարհն են դեպի երազանքների իրականացում: Լինելով և՛ ուսանող, և՛ մայրիկ՝ ես հասկացա, որ հաջողության գաղտնիքը պատասխանատվության մեջ է, որ այն ոչ թե մեկ օրվա ձեռքբերում է, այլ ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք:
— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Որպես Գավառի պետական համալսարան ուսանող, արդեն մագիստրոս՝ կարող եմ վստահորեն ասել, որ այն ինձ տվել է շատ ավելին, քան պարզապես դիպլոմ: Նախ՝ ԳՊՀ-ն ինձ համար եղել է մասնագիտական հիմնարար գիտելիքների և վերլուծական մտածողության դպրոց: Ես սովորել եմ ոչ թե պատրաստի տեղեկատվությունն անգիր անել, այլ հասկանալ երևույթների պատճառահետևանքային կապերը և գտնել արդյունավետ լուծումներ նույնիսկ սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
Ինձ համար առանձնահատուկ արժեքավոր է այն վստահության մթնոլորտը, որը ձևավորվել է դասախոսական կազմի հետ շփումներում: Այդ վստահությունն իմ մեջ ձևավորել է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր հանձնարարություն պետք է կատարվի մեծ պատասխանատվությամբ և որակով:
Բացի այդ, համալսարանն ինձ տվել է ինքնակազմակերպման և թիմային աշխատանքի հմտություններ: Մասնակցելով բազմաթիվ ուսանողական գիտաժողովների, բազմաբնույթ ծրաագրերի ու նախաձեռնությունների, սեմինարների և քննարկումների՝ ես սովորել եմ մարդկանց լսել առավել ուշադիր, հասկանալ դիմացինին, հարգել տարբերվող կարծիքները և արդյունավետ հաղորդակցվել ընդհանուր նպատակին հասնելու համար:
Համալսարանն ինձ սովորեցրել է ցանկացած իրավիճակում առաջնորդվել մարդկային բարձր որակներով՝ հիմքում ունենալով փոխադարձ հարգանքը:
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Իմ տեսլականը հիմնված է անձնական արժեքների և մասնագիտական հավակնությունների ներդաշնակության վրա։ Ինձ համար մեծագույն նպատակ է տեսնել երեխաներիս կայացած ու երջանիկ հենց մեր հայրենիքում՝ խաղաղ երկնքի ներքո։ Սրան հասնելու համար ես ձգտում եմ դառնալ իմ ոլորտի այնպիսի բարձրակարգ մասնագետ, ով իր գործունեությամբ ու փորձով իրական արժեք կստեղծի և օգուտ կբերի մեր պետության զարգացմանը։ Ես հավատում եմ, որ անհատական հաջողությունն իմաստավորվում է հենց հայրենիքին ու հասարակությանը ծառայելու պատրաստակամությամբ:
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ինձ համար առաջնային են պատասխանատվությունը, սեփական խոսքի և գործի արժևորումը, մարդկանց նկատմամբ ուշադրությունն ու փոխադարձ հարգանքը, ապրումակցումն ու մարդասիրությունը։ Ես կարևորում եմ ազնվությունն ու վստահությունը և ցանկացած հանձնարարություն կատարում եմ մեծ պատասխանատվությամբ։ Միշտ բաց եմ նոր գաղափարների և քննադատության համար, քանի որ հավատում եմ շարունակական կրթության, անձնային աճի և մասնագիտական զարգացման կարևորությանը։ Առաջնորդվում եմ արդարության և հետևողականության սկզբունքներով:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
— Ինձ համար կյանքում առաջնայինը ընտանիքն ու ներդաշնակ փոխհարաբերություններն են: Ես հավատում եմ, որ երբ մարդն ունի ամուր և սիրով շաղախված ընտանիք, նա ձեռք է բերում այնպիսի ներքին ուժ, որով կարող է հասնել ցանկացած բարձունքի։ Ես համոզված եմ, որ կյանքը շարժում է, իսկ շարժումը՝ անընդհատ զարգացում: Մարդը երբեք չպետք է դադարի սովորել, քանի որ նոր գիտելիքներն ու հմտությունները նոր կենսական հնարավորություններ են ընձեռում անձին։ Ինձ համար կատարյալ բանաձևը սա է. լինել ներդաշնակ սիրելիների հետ և երբեք կանգ չառնել ինքնակատարելագործման ճանապարհին:
-Իսկ ինչպե՞ս եք համատեղում ուսումը մայրիկի պարտականությունների կատարման հետ։
-Անկեղծ կլինեմ՝ ուսումը և մայրիկի պարտականությունների համատեղումը դյուրին չէ, բայց դա հնարավոր է, երբ ունես այնպիսի խթանող ուժ, ինչպիսին իմ երկու երեխաներն են։ Նրանց փայլող աչքերը ինձ ուժ են տալիս գիշերները երկար սովորելու, դասերիս պատրաստվելու և մասնագիտական ծրագրերին մասնակցելու համար։ Նրանք են իմ երջանկության աղբյուրը։ Հանուն իմ երեխաների ես ձգտում եմ ամեն օր դառնալ ավելի բանիմաց ու կազմակերպված։
Զարգացման ճանապարհին իմ ամենամեծ հենարանն իմ ընտանիքն է, որը միշտ իմ կողքին է։ Ցանկանում եմ հատկապես նշել ամուսնուս անվերապահ աջակցությունը, հոգատարությունը, ըմբռնումը, ինչի շնորհիվ ես կարողանում եմ սովորել ու առաջ շարժվել։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Սիրում եմ ազատ ժամանակն անցկացնել երեխաներիս հետ, ինչը լավագույն միջոցն է լիցքաթափվելու, ոգեշնչվելու և նոր կենսական ուժեր ստանալու համար: Իսկ որպես նախասիրություն՝ հետաքրքրված եմ նոր լեզուներով և տեխնոլոգիաներով: Ինձ դուր է գալիս բացահայտել տարբեր մշակույթներ և կիրառել նորագույն թվային գործիքները, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն առօրյայում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
-Իմ կրտսեր ընկերներին խորհուրդ կտամ միշտ հիշել մեր համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի խոսքերը. «Ամենկարևորը մա՛րդ լինելն է, մա՛րդ եղեք, մա՛րդ»: Եղե՛ք լավ մարդ, դարձեք որակյալ մասնագետ, եղե՛ք ակտիվ և պահանջկոտ ինքներդ ձեր հանդեպ: ​«Լավագույնը» դառնալու համար պետք չէ մրցել ուրիշների հետ, պետք է ամեն օր մրցել սեփական «ես»-ի հետ և լինել ավելի լավը, քան երեկ էիք»:
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
Scroll to Top
Գավառի պետական համալսարան