ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին։
2026 թվականի հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայացած գիտաժողովը համախմբել էր Հայաստանի և արտերկրի բուհերի ներկայացուցիչների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների՝ կրթության և գիտության արդի հիմնախնդիրները քննարկելու, գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու և մասնագիտական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները և շրջանավարտը առցանց ներկայացրին գիտական զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով․
1. Գոհար Ավետիսյան՝ ԳՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի․ «Ժամանակակից համակարգերի նախագծում և արդյունավետության համեմատական վերլուծություն» թեմայով,
2. Անժելա Ավետիսյան՝ ԳՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի․ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով,
3. Սիլվինե Մոմչյան՝ ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի․ «Արտահանման քաղաքականությունը ՀՀ-ում և դրա զարգացման ուղիները» թեմայով,
4. Օֆելյա Մանուկյան՝ ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի․ «Շրջանաձև տնտեսությունը որպես կանաչ տնտեսության մոդել» թեմայով,
5. Լիաննա Հայրապետյան՝ ԳՊՀ շրջանավարտ․ «Տեսաշարից մեքենաների հայտնաբերում և համարակալում» թեմայով։

ԳՊՀ ուսանողների մասնակցությունը միջազգային գիտաժողովին կարևոր հնարավորություն էր՝ ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, մասնակցելու գիտական քննարկումների և զարգացնելու հետազոտական հմտությունները։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան