ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միջազգայնացմանը, եվրոպական բարձրագույն կրթական և գիտական տարածքին ինտեգրմանն ու «Էրազմուս+»  ծրագրի իրականացման հարցերին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվեցին միջազգային համագործակցության ընդլայնման, բուհերի արտաքին կապերի ամրապնդման և եվրոպական բարձրագույն կրթագիտական տարածքին ինտեգրման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորություններին, այդ թվում՝ «CBHE․ Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության միջոցով բարձրագույն կրթության ոլորտի կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։

Քննարկվեց նաև ներառականության կարևորությունը՝ միջազգային կրթական հնարավորությունների հասանելիությունն ընդլայնելու և ուսանողների, ինչպես նաև բուհական համայնքի այլ ներկայացուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով։

Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԾՐԱԳՐԵՐ

 

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ալմերիայի համալսարանն առաջարկում է ակադեմիական շարժունության բազմաթիվ ծրագրեր։ ԳՊՀ ուսանողների համար նախատեսված են․

1․ կիսամյակային ակադեմիական շարժունություն, որի շրջանակում ուսանողը հնարավորություն կունենա 5-ամսյա ժամկետում սովորել Ալմերիայի համալսարանում։ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․ թ․նոյեմբերի 13-ն է,

2․ ամառային դպրոց, որը կկազմակերպվի 2027 թվականի հուլիսի 5-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջգիտակարգային դասընթացների՝ ուղղված սովորողների ճկուն հմտությունների զարգացմանը,

3․ համակցված ինտենսիվ ծրագրեր /Blended Intensive Programs/, որոնք ԵՄ «Էրազմուս+» ծրագրի կողմից ֆինանսավորվող 5-օրյա դասընթացներ են այն ուսանողների համար, ովքեր չեն կարող մասնակցել երկարատև /կիսամյակային/ ծրագրին։ Ալմերիայի համալսարանում այս ծրագրերը կազմակերպվելու են 2027 թվականի գարնանը։

ԳՊՀ դասախոսներին առաջարկվում են ակադեմիական շարժունության հետևյալ հնարավորությունները․

1․ ամառային դպրոց, որը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 5-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ԳՊՀ դասախոսներին հնարավորություն ընձեռելով դասավանդելու միջգիտակարգային դասընթացներ,

2․ միջազգային շաբաթ, որը կանցկացվի 2027 թվականի ապրիլին,

3․ դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99, +374-91—86—77—16 հեռախոսահամարներով։

Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ ուսանողներին և աշխատակիցներին։

Մաղթում ենք հաջողություն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կայացավ աշխատաժողով` «Թվայնացման մարտահրավերներից դեպի գործողություններ․ եվրոպական փորձ, ինստիտուցիոնալ լուծումներ և ճանապարհային քարտեզ» թեմայով։

Ներկայացվեցին Երևանի պետական համալսարանում գործող թվային համակարգերն ու ծառայությունները, արձանագրված ձեռքբերումները, առկա խնդիրներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները։

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի օրինակով ներկայացվեցին բարձրագույն կրթության թվային փոխակերպման եվրոպական փորձն ու մոտեցումները՝ անդրադառնալով բուհական տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ու փոխգործակցությանը, տվյալների կառավարմանը, ընդհանուր թվային ծառայություններին, արհեստական բանականության գործիքների աջակցությամբ կառավարման գործընթացներին։ Մասնակիցները քննարկեցին ՀՀ բուհերում գործող համակարգերը, տվյալների հոսքի կառավարման և վարչական գործընթացների հետ կապված հարցերը՝ անդրադառնալով տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սովորողի ուսումնառության գործընթացի կառավարմանը, հաշվետվողականությանը և մի շարք այլ փոխկապակցված հարցերի։

Միջոցառման եզրափակիչ մասում մասնակիցները նախանշեցին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թվային փոխակերպման հիմնական առաջնահերթությունները՝ կարևորելով ճանապարհային քարտեզի մշակումը։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Կարեն Սիրականյանը։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ DAAD-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

Ս․ թ․ սեպտեմբերի 24-ին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ուսանողներին ներկայացրեց Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերն ու Գերմանիայում ուսումնառության հնարավորությունները։ Սովորողներն իրազեկվեցին մագիստրոսական կրթաթոշակային ծրագրի մասին, որը տարբեր մասնագիտությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում շարունակելու ուսումնառությունը Գերմանիայի պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերում։ Ներկայացվեց ERP կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար՝ Գերմանիայում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու նպատակով։ Ուսանողները տեղեկացան գերմանական բուհերում ամառային դպրոցներին մասնակցության հնարավորությունների մասին, որոնք նախատեսված են տարբեր մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար և ներառում են գերմաներենի ու տարածաշրջանային ուսումնասիրությունների դասընթացներ։ Ներկայացվեցին նաև DAAD-ի կողմից տրամադրվող կրթաթոշակային աջակցության հիմնական ձևերը՝ ամսական կրթաթոշակ, ճանապարհածախսի և ապահովագրության աջակցություն, որոշ դեպքերում՝ գերմաներենի նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում։ Անդրադարձ կատարվեց գերմանախոս երկրներում կրթություն ստացած հայ շրջանավարտների համագործակցության և կապերի զարգացման նախաձեռնությանը (AADL․ Armenian Alumni of German-Speaking Countries)։ Ուսանողների գնահատմամբ՝ կայացած տեղեկատվական հանդիպումը բովանդակալից էր և օգտակար։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Գավառի պետական համալսարանում կայացավ սեմինար՝ «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով։ Սեմինարը վարեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։ Կարևորվեցին քաղաքացիների պատասխանատու վարքագիծը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեվարքության մշակույթի տարածումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի արմատավորումը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին կոռուպցիայի հասկացությունն ու էությունը, պատճառները, դրսևորման ձևերը, հասարակության ու պետության վրա ունեցած բացասական ազդեցությունը, կանխման ընդհանուր և հատուկ միջոցները։ Սեմինարին մասնակցեցին ԳՊՀ տարբեր բաժինների ուսանողներ, ինչպես նաև համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1-2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 14-ն է։

Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին, գրելէլեկտրոնային փոստին՝ iro@gsu.am, info@gsu.am, infogsu@mail.ru հասցեներով կամ զանգահարել +374-91-867-716, +374-60-461-299 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ  ԳԻՏՈՒԹՅԱՆԸ  ԵՎ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՄԱՆ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիան Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ենթածրագրի շրջանակում անցկացնում է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառումը:

Հայաստանում միջոցառումն առաջին անգամ իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 26-ը (սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ից 23:00-ն, սեպտեմբերի 26-ին՝ 11:00-ից 17:00-ն), ինչպես նաև 2027 թվականի սեպտեմբերի 24-ից 25-ը։ Այն նպատակ ունի խթանել գիտության և հետազոտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել հետազոտողների և հասարակության միջև անմիջական երկխոսությանը:

Միջոցառման շրջանակում կկայանա գիտության փառատոն, որը հնարավորություն կտա այցելուներին մասնակցել կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, արհեստական բանականության, տիեզերագիտության, ճարտարագիտության, շրջակա միջավայրի պահպանության, թվային նորարարությունների, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական և կրթական ինտերակտիվ միջոցառումներին, լաբորատոր ցուցադրություններին, պանելային քննարկումներին։

Միջոցառումը կազմակերպվելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ու հարակից տարածքում և ներառելու է շուրջ 70 տաղավար։ Միաժամանակ 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 26-ը Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում ևս կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, քննարկումներով և այլ միջոցառումներով:

Միջոցառմանը մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/UqQhb3vbCLfPLnp96։

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «Էրազմուս+ Վիրտուալ ճանապարհորդություններ» ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացների անցկացում։ Դասընթացներն արդյունավետ կազմակերպելու նպատակով տեղի ունեցավ առցանց հանդիպում վերապատրասման պատասխանատուների հետ։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը վերապատրաստման առաջին փուլի դասընթացավարներին ներկայացրեց ծրագրի https://thevoyage.eu/ հարթակը, տարաժամանակյա (ասինխրոն) և համաժամանակյա (սինխրոն) ձևաչափերով մոդուլների ուսումնասիրման և գնահատման պայմաններն ու առանձնահատկությունները։

Հստակեցվեցին մասնակցության հետ կապված այլ  հարցեր։ Վերապատրաստման առցանց գործընթացը կմեկնարկի ս․ թ․ սեպտեմբերի 18-ին։

 

COP 17-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱ

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) հյուրընկալ երկիր է։ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովին ընդառաջ ս․ թ․սեպտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (ԿՀԲԿ) հիմնադրման արարողությունը։ Բուհերի ղեկավարները ստորագրեցին ԿՀԲԿ-ն պաշտոնապես ձևավորող Փոխըմբռնման հուշագիր։ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիրը՝ հաստատելով բուհի անդամակցությունը Կոալիցիային: Միջոցառումը նշանավորվեց «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մեկնարկով, որը ԿՀԲԿ նախաձեռնություն է, իրականացվում է Երիտասարդների գլոբալ կենսաբազմազանության ցանցի հետ գործընկերությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցությամբ: Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «Կենսաբազմազանության դեսպան» դառնալու համար դիմած ավելի քան 300 ուսանող, այդ թվում՝ Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ մասնակցեցին դասընթացի և կարողությունների զարգացման վարժությունների, որպեսզի իրենց մասնակցությունն ունենան Հայաստանում կայանալիք գլոբալ համաժողովին և որպես «Կենսաբազմազանության դեսպաններ»՝ տարածեն բնապահպանական մշակույթն իրենց համայնքներում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան