ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Բուլղարիայի Անգել Կանչևի անվան Ռուսեի համալսարանի միջև կնքված  պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանողները հնարավորություն ունեն  2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիսժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ  համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը  2026թ. հոկտեմբերի 25-ն է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ DAAD-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 

Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության (DAAD) և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման ընթացքում DAAD-ի ղեկավար Սիլվիա Շմիդը ներկայացրեց կազմակերպության կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորությունները։ Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացրեց Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններից 2-ը՝ «Համագործակցության գործընկերություններ» և «Դաշինքներ՝ հանուն նորարարության»։
Գավառի պետական համալսարանից տեղեկատվական հանդիպմանը մասնակցեց բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ «NEST. ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացնում է«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագիրը, որի շրջանակում մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված ՀՀ 6 մարզերի շահառուխմբերի համար։ ՀՀ Գեղարքունիքի մարզում ծրագրի գործընկերն է Գավառի պետական համալսարանը։ Համատեղ իրականացվելու են թվային գրագիտության, արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության, կիբեռանվտանգության իրազեկվածության և ճկուն հմտությունների համակցված դասընթացներ՝ 6 մարզերում ընդգրկված 9 խմբերի 180 շահառուի համար։ Ծրագիրը կիրականացվի ապակենտրոնացված մոդելով. յուրաքանչյուր խումբ կհյուրընկալվի գործընկեր հաստատության կողմից, իսկ կենտրոնացված համակարգումն իրականացնելու է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ ընդհանուր ժամանակացույցի, մոդելային ուսումնական ծրագրի և որակի ապահովման միասնական շրջանակի միջոցով։

«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում և վերապատրաստում, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովեյանը և  Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Հայրիկ Զարգարյանը։

Հանդիպման շրջանականերում ծրագրի համակարգող Աննա Թովմասյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, իրականացման ժամանակացույցը, մեթոդաբանությունը, պատասխանեց մասնակիցների հարցերին։ Այնուհետև կազմակերպվեց դասընթացավարների վերապատրաստումներ երկու ուղղություններով` ճկուն հմտությունների և թվային, ԱԲ գրագիտության, կիբեռանվտանգության հարցերի վերաբերյալ, որը վարեց Վարազդատ Ավետիսյանը։

ԳՊՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց «Ուսումը Հունգարիայում» տնօրինության միջազգայնացման հարցերով ավագ համակարգող Ջորջինա Թվենեբոային և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հրավիրյալ դասախոս Դանիել Գազդիկին։ Հյուրերը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գավառի պետական համալսարանի և Հունգարիայի բուհերի հետ համագործակցության, կրթաթոշակային տարբեր ծրագրերի միջոցով Հունգարիայում սովորելու և դասավանդելու հնարավորությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանի՝ միջազգային ծրագրերին մասնակցելու փորձը։ Հյուրերն այցելեցին Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։

ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է   2026-2027   ՈՒՍՏԱՐՎԱ   ՀԵՌԱԿԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով:

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին:

Հեռակա ուսուցման ընդունելության համար  պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար

բ) գրանցվել համակարգում (Հեռակա ուսուցման համար դիմող բոլոր դիմորդները պետք է համակարգում անցնեն նոր գրանցում՝ անկախ նախկինում գրանցված լինելու հանգամանքից։)

գ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը:

ԳԹԿ անձնական համար տրամադրում է Գավառի պետական համալսարանը, եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոններով սահմանված արտոնություններից  օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:

Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած  ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

 Դիմորդը կարող է մասնակցել Գավառի պետական համալսարանի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu, infogsu@mail.ru։

Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները`

ՀՈՒՖ 2026-2027

ԳՊՀ ընդունող հանձնաժողով

 

 

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ«ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորին շնորհակալություն է հայտնում «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրապետ Խոսրով Խլղաթյանին՝ ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի հավաքածուի համալրման և Գեղարքունիքի տարածաշրջանի պատմամշակութային արժեքների պահպանման, պատմական ժառանգության հանրահռչակման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։Պարոն Խլղաթյանը Գավառի պետական համալսարանի թանգարանին նվիրաբերեց ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի  պատմամշակութային հնավայրերից հայտնաբերված հնագիտական արժեքներ՝ համալրելով թանգարանի հավաքածուն։Նվիրաբերված հնագիտական գտածոների շարքում են Ձորագյուղի «Սանգար» ամրոցի և դրա շրջակայքի հնավայրերից ու Տավուշի մարզի Ցլիկ Ամրամի բերդի հնավայրից հայտնաբերված խեցեղենի բեկորներ։ «Սանգար» կիկլոպյան ամրոցը գտնվում է Ձորագյուղից մոտ 1,7 կմ դեպի արևմուտք և թվագրվում է Ք.ա. II–I հազարամյակներով։ Այն համարվում է Սևանի ավազանի կարևոր ամրաշինական կառույցներից մեկը։ Ամրոցի և շրջակայքի հնավայրերի տարածքում պահպանվել են հնագույն բնակավայրերի, քարայր-կացարանների և դամբարանների հետքեր։

 Ինչպես նշեց իր գործի նվիրյալ Խոսրով Խլղաթյանը, հնավայրի քարանձավներից հայտնաբերված նյութերի շարքում են կավամանների բազմաթիվ բեկորներ, օբսիդիանի կտորներ և կենդանիների ոսկորներ։ Պարոն Խլղաթյանի կողմից հնավայրից հավաքված խեցեղենի որոշ նմուշների լուսանկարները մասնագիտական թվագրման նպատակով ուղարկվել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Արսեն Բոբոխյանին։ Ստացված մասնագիտական եզրակացության համաձայն՝ ԳՊՀ թանգարանին փոխանցված խեցեգործական իրերը թվագրվում են նախաուրարտական շրջանից  մինչև Ք. հ. III դարեր։

Նվերների ցանկում ներառված է նաև Տավուշի բերդի կամ Ցլիկ Ամրամի բերդի հնավայրից հայտնաբերված խեցեղենի նմուշ։ Տավուշի բերդը միջնադարյան ամրոց է, որը գտնվում է ներկայիս Բերդ քաղաքի ծայրամասում։ Պատմական աղբյուրներում այն առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբին՝ որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ Բերդի տարածքում մինչ օրս հայտնաբերվում են կավից պատրաստված սպասք և այլ իրեղեն գտածոներ, ինչը փաստում է հնավայրի նյութական մշակույթի հարուստ շերտերի առկայությունը։

Նման նվիրատվությունները կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման համար։ Հնագիտական գտածոները երիտասարդներին հնարավորություն են տալիս՝ հաղորդակից դառնալու տարածաշրջանի և Հայաստանի պատմական անցյալին, ինչպես նաև առավել ամբողջական պատկերացում կազմելու տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված նյութական մշակույթի մասին։

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԳԱՍՏՐՈՓԱՌԱՏՈՆ ԳԱՎԱՌ․ ԳԱՎԱՌԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

Գավառագետի ափին՝ «Թթու ջուր» կոչվող տարածքում կայացած «Գաստրոփառատոն Գավառ․ Գավառի համն ու հոտը» փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները։ Փառատոնի նպատակն էր Գավառի ավանդական ուտեստների, խաղերի, երգերի ու պարերի վերհանումը, ներկայացումը, տարածումն ու պահպանումը։
Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Գավառի ավանդական ուտեստների՝ քյուֆթայի, նումբարի, փախլավայի, գաթայի պատրաստման վարպետաց դասեր, որոնց հնարավորություն ունեցան մասնակցել նաև հյուրերը։
Փառատոնի գլխավոր կազմակերպիչը և գաղափարի հեղինակը ԳՊՀ Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանն էր։ Փառատոնն իրականացվեց Գավառի համայնքապետարանի և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանը, բուհի աշխատակիցներ։
Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ որպես կամավորներ ներգրավվեցին փառատոնի կազմակերպման աշխատանքներին, հանդես եկան որպես հյուրընկալ անձինք՝ տեղացի և արտասահմանցի հյուրերին ներկայացնելով Գավառի տարածաշրջանի խոհանոցին բնորոշ կերակրատեսակները, համ ու հոտի հրաշալի մշակույթը։ Նրանք ձեռք բերեցին գործնական կարևոր գիտելիքներ ու հմտություններ, մասնագիտական աշխատանքի փորձ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ սեպտեմբերի 4-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսին և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովին։ Հյուրերը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը անցկացրին սեմինար-քննարկում ԳՊՀ ուսանողների հետ։
Հյուրերն այցելեցին Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։

ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Գավառի պետական համալսարանում նշվեց սեպտեմբերմեկյան տոնը՝ Գիտելիքի և դպրության օրը։ ԳՊՀ-ում 2026-2027 ուստարին մեկնարկեց «Կրթությունը՝ կայացման ուղի» կարգախոսով։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին՝ մաղթելով գիտելիքներով, արդյունավետ ուսումնառությամբ և ստեղծագործ աշխատանքով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով առլեցուն ուսումնական տարի։ Տիկին Հակոբյանը բարձր միավորներ ստացած առաջին կուրսեցիներին հանձնեց «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակն է բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանը։ Առաջին կուրսեցիները երդմամբ ստանձնեցին խորը գիտելիքներ ձեռք բերելու և համալսարանականի կոչումը պատվով կրելու պատասխանատվությունը, ապա 4-րդ կուրսի ուսանողները գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին հանձնեցին առաջին կուրսեցիներին՝ որպես ավագ սերնդից նոր սերնդին գիտելիքի, փորձի և համալսարանական արժեքների փոխանցման առհավատչյա։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը և նույն ֆակուլտետի մագիստրատուրայի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աիդա Կարապետյանը նշեցին, որ գիտելիքի աշխարհ տանող բանալին բացում է հաջողության, մասնագիտական կայացման ու առաջընթացի, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների դռները։
Երաժշտական կատարումներով հանդես եկան ԳՊՀ ուսանող Աշոտ Կատվալյանը և Գավառի երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սան Հայրապետ Հայրապետյանը։
Նոր ուսումնական տարվա առաջին զանգի ղողանջների ներքո առաջին կուրսեցիները մասնակցեցին կրեդիտային համակարգով ուսումնառության սկզբունքների և ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգի վերաբերյալ դասին, որը վարեցին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱՎՃԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագիրը 2026 թվականին հանրակրթական դպրոցներն ավարտած և 2026-2027 ուսումնական տարում ԳՊՀ առաջին կուրս ընդունված, սոցիալապես անապահով, բարձր արդյունքներ արձանագրած սովորողների համար հայտարում է կրթավճարի մրցույթ։ Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց /օնլայն/ դիմում ՀՕՖ-ի պաշտոնական կայքի միջոցով (կայքի հղումը՝ https://www.farusa.org/ )։ ՀՕՖ-ի բոլոր կրթավճարային ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև դիմումները լրացնելու համար կայքի նավարկության հատվածից /նավիգացիոն մենյուից/ անհրաժեշտ է ընտրել «What We Focus» կոճակը, իսկ այնուհետև ընտրել «Education» բաժինը։ Առձեռն, թղթային տարբերակով ներկայացված դիմումներ չեն ընդունվելու։ ՀՕՖ կայքի վերոնշյալ բաժինը բաց կլինի, և դիմումները կնդունվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /ԿԳՄՍՆ ԳԹԿ-ի/ կողմից միասնական քննությունների արդյունքները և բուհեր ընդունված ուսանողների անունները հրապարակելուց հետո՝ ս․ թ․ հուլիսի 15-ից։Կրթավճարների պայմանները շարադրված են ՀՕՖ-ի հայտարարության տեքստում։
Մաղթում ենք ձեզ հաջողություն։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան