Category: Без рубрики
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ ԻՐԱՎԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ
Գավառի պետական համալսարանում յուրովի նշվեց Թարգմանչաց տոնը՝ կայացավ Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատության հիմնական դրույթներին նվիրված բաց դաս, որը վարեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, փաստաբան Ավետիք Հարությունյանը։ Ողջունելով հյուրին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ավետիք Հարությունյանի կողմից ակադեմիկոս Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» մեծարժեք և ծավալուն աշխատության թարգմանությունը ռուսերենից հայերեն, նշեց Ներսեսյանցի գիտական ժառանգության մասին՝ որպես անգնահատելի ներդրում իրավագիտության զարգացման գործում։
Պարոն Հարությունյանն անդրադարձավ Վլադիկ Ներսեսյանցի կյանքին ու գործունեությանը, ներկայացրեց «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատության առանցքային դրույթները, իրավունքի ազատական (լիբերտար) տեսության և ցիվիլիզմի ուսմունքի հիմնական գաղափարները։ Ծավալվեց բովանդակալից քննարկում, որին մասնակցեցին ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում սովորած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 16-ին և 25-ին-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԴԻՋԻԹԵՔ 2025» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Կարեն Սիրականյանի, Հայրիկ Զարգարյանի և Արթուր Միրիբյանի ուղեկցությամբ, մասնակցեցեցին «ԴիջիԹեք 2025» հոբելյանական՝ 20-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։
Ուշագրավ միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ մասնակից դարձնելով հազարավոր անձանց, ավելի քան 300 ընկերությունների և 100-ից ավելի խոսնակների՝ Հայաստանից և արտերկրից։ «ԴիջիԹեք 2025»-ի կարգախոսն է՝ «Տեխնոլոգիաները միացնում են աշխարհը, որտեղ արևը երբեք մայր չի մտնում», ինչը խորհրդանշում է, որ տեխնոլոգիական համայնքը, անկախ աշխարհագրական սահմաններից, Երկիր մոլորակի վրա գործում է շարունակական ռեժիմով: Միջոցառման եռօրյա օրակարգը ներառում է ինչպես գործարարական մաս, ցուցահանդես, կոնֆերանս, այնպես էլ մշակութային և ժամանցային աննախադեպ ծրագրեր։ Ներկայացվող թեմաները վերաբերում են արհեստական բանականությանը (AI), «Fintech», «ստարտափ» զարգացումներին, նորարար լուծումներին, միջազգային տեխնոլոգիական համագործակցության ուղղություններին:
ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների առաջարկած նորույթներին, «Արմաթ»-ի սաների ճարտարագիտական լուծումներին և միջազգային մրցույթներում հաջողության հասած նախագծերին, ինչպես նաև մասնակցելու մասնագիտական աշխատարաններին։ Վարազդատ Ավետիսյանը, կարևորելով միջոցառումը, նշեց, որ նման ձեռնարկները նպաստում են ուսանողների մասնագիտական կայացմանը, տեխնոլոգիական մտածողության զարգացմանը և նոր գաղափարներով ներշնչմանը։
ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։
Միջոցառման նպատակն էր արժևորել Հայաստանի անկախության և ազգային պետականության պատմական նշանակությունը։ Ուսանողները ներկայացրին Հայաստանի նորանկախ Հանրապետության անցած ուղին, 1995 թվականին ընդունված Սահմանադրության դերը պետականության կայացման գործում, անդրադարձան ՀՀ պետական խորհրդանիշների խորհրդին։
Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական գեղեցիկ կատարումներով՝ հուզիչ երգերով և բանաստեղծություններով, որոնք արտահայտում էին հայի հայրենասիրական ոգին, ժողովրդի անկոտրում կամքը։
Ցերեկույթին ներկա էին ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ովքեր կարևորեցին նմանօրինակ միջոցառումների դերը աճող սերնդի ազգային արժեհամակարգի ձևավորման, հայրենասիրական ոգու պահպանման ու ամրապնդման գործում։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջազգային 11-րդ գիտաժողովին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
1. Արմինե Ասլանյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղեկալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հոգևոր-հասարակական գործունեությունը նախապատերազմյան տարիներին (1938-1941 թվականներ)», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյան,
2. Ռոզա Աբրահամյան՝ Բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Աղքատության առաջացման պատճառներն ու դրա հաղթահարման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,
3. Լաուրա Մանուկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականության» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառությունը հայ գրականության դասավանդման ընթացքում (ավագ դպրոցի օրինակով)», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյան,
4. Քրիստինե Բատիկյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին
կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ուսուցման ժամանակակից մեթոդների համեմատական բնութագիրը», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան։
Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխաններով և մասնագիտական քննարկումներով։ Մասնակից ուսանողները գիտաժողովի ավարտին ստացան հավաստագրեր։
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ
Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին, դասախոսներին, շրջանավարտներին, թեմայով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությանը նվիրված բաց դասին, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12։00-ին։
Ակադեմիկոս Ներսեսյանցը իրավունքի ազատական (լիբերտար) տեսության և ցիվիլիզմի ուսմունքի հիմնադիրն է, բազմաթիվ արժեքավոր գիտական աշխատությունների հեղինակ, որոնք անգնահատելի նշանակություն ունեն իրավագիտության զարգացման գործում։
Բաց դասը կվարի իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, փաստաբան Ավետիք Հարությունյանը, ով հայերեն է թարգմանել Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը։ Դասը տեղի կունենա համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի սրահում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
Անգնահատելի է ուսուցչի դերն անհատի ձևավորման ու կայացման գործում։
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում և ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի համաշխարհային օրը։ Այս կարևոր տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1994 թվականին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, երբ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցավ միջկառավարական կոնֆերանս, որն ընդունեց ուսուցիչների աշխատանքի կարգավիճակը սահմանող առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ»-ը։ Այս փաստաթուղթը դարձավ ուսուցիչների իրավունքների և պարտականությունների միջազգային ճանաչման հիմք՝ ընդգծելով նրանց անփոխարինելի դերը կրթական համակարգում:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում ուսուցչին՝ նրան վստահելով ամենապատասխանատու առաքելությունը՝ մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունը։ Ուսուցչի վեհ կերպարը օրինակ է դառնում սաների համար։ Ուսուցչի շնորհիվ են աշաակերտներն ամբարում գիտելիքներ ու արժեքներ։ Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին և դասախոսներին ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք, ի նպաստ հայ դպրության դարավոր ավանդույթների պահպանման ու նորովի կենսագործման, ազգային և համամարդկային արժեքներ կրող, բազմակողմանի զարգացած, հայրենասեր ու խելացի սերնդի դաստիարակության:
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ։